Նյու Յորքի դատարանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին անվերապահ ազատ է արձակել Trump Organization-ի կողմից կեղծ ֆինանսական փաստաթղթերի գործով, որը վերաբերում նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին գումար վճարելուն, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ հունվարի 20-ին Թրամփը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով կստանձնի պաշտոնը քրեական դատվածությամբ։ ԱՄՆ Սահմանադրությունը չի արգելում քրեական անցյալ ունեցող անձանց առաջադրվել կամ աշխատել որպես նախագահ:
Ինչպես հայտնել է The New York Times-ը, անվերապահ ազատ արձակումը տարբերվում է պայմանական ազատ արձակումից, որը պահանջում է, որ դատապարտյալը բավարարի որոշակի պահանջներ, օրինակ՝ աշխատանք գտնելը կամ փոխհատուցումը։ Թրամփի դեպքում նման պարտավորություններ չեն դրվելու։ Դատավորի որոշումը հիմնավորվել է գործի «փակումը» ապահովելու ցանկությամբ։
Թրամփին ի սկզբանե սպառնում էր պայմանական ազատազրկում կամ մինչև չորս տարվա ազատազրկում ֆինանսական խարդախության 34 հանցակազմի համար: Բացի ֆինանսական խարդախության գործից, Ջորջիա նահանգը շարունակում է հետաքննել Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ վիճարկելու նահանգում 2020 թվականի ընտրությունների արդյունքները։
2023թ․ հունիսին Թրամփին մեղադրանք էր ներկայացվել 2022 թվականին նրա նստավայրում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերի համար։