Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատաքննությանը գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ սույն գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլև ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի և այլ խախտումներ։
Պաշտպանը նշեց, որ ՀՔԾ քննիչի ծանուցագրով Սերժ Սարգսյանը 2019 թվականի դեկտեմբերի 4-ին կանչվել է հարցաքննության որպես վկա, հարցաքննության ավարտից րոպեներ անց կատարվել է առերեսում նրա և սույն գործով մեկ այլ մեղադրյալի միջև, ժամը 16:10–ին առերեսումն ավարտվել է, իսկ ժամը 16։12-ին քննիչն իր գրասեղանին դրված փաստաթղթերի մի փաթեթը ուղղակի շրջել է՝ հայտարարելով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որը եղել է արդեն իսկ կազմված, տպագրված և ստորագրված է եղել, իսկ որոշման մեջ որպես մեղադրյալ ներգրավելու մասին ժամը հասկանալի պատճառներով բացակայել է։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ վկայի կարգավիճակով հարցաքննություն և առերեսում կատարելը կրել է ձևական բնույթ, դրա արդյունքները քննիչի համար որևէ նշանակություն չեն ունեցել, և որպես մեղադրյալ ներգրավվելու հանգամանքը նախապես որոշված է եղել ամենայն հավանականությամբ այլ պաշտոնատար անձի կողմից։
«Օրենքով սահմանված է, որ անձին հնարավոր է ներգրավել որպես մեղադրյալ միայն ապացույցների բավարար լինելու պարագայում, մինչդեռ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կազմված է մեկ անձի իրարամերժ, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի ցուցմունքներից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն ապօրինի է։
«Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կազմված է մեկ ապացույցի՝ մեկ անձի ցուցմունքների վրա, որոնք իրարամերժ են, հակասական, անտրամաբանական, մի մասն էլ՝ անթույլատրելի»։
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելուն՝ Հակոբյանն ասաց. «Այդ որոշման մեկ օրինակը քննիչը պարտավոր էր ներկայացնել այդ գույքի տիրոջը և ստանալ նրա ստորագրությունը։ Սակայն օրենքի իմպերատիվ պահանջը չի կատարվել, և մենք մամուլից ենք տեղեկացել, իսկ այդ որոշումը ստացել ենք դրա կայացումից 21 օր անց՝ 3-րդ միջնորդությունը ներկայացնելուց հետո»,- ասաց պաշտպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ սույն գործով պաշտպանական կողմին չեն տրամադրվել ողջ ծավալի նյութերը։
Մեղադրող դատախազն էլ առարկեց ներկայացված միջնորդությանը, շեշտելով, որ պաշտպան Հակոբյանը վերացական դատողություններ է ներկայացրել, որոնք քրեադատավարական օրենքներից չեն բխում և բացարկ հայտնելու միջնորդության մեջ որևէ խախտման մասին չներկայացվեց, ներկայացվածները սուբյեկտիվ բնույթի դատողություններ էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







