Խորքային խնդիրներ կան և՛ դատական, և՛ իրավապահ համակարգում: Դատական իշխանությունն է երաշխավորը մարդու իրավունքների, և դատական իշխանությունն է անկյունաքարային դեր կատարում արդարադատության իրականացման ոլորտում, ուստի հենց այս ոլորտից պետք է սկսել բարեփոխումների իրականցումը։ Այս մասին փետրվարի 25-ին Ազգային ժողովում պետական-իրավական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ նրա՝ օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին:
«Օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Փաթեթը բավական լայն քննարկում է անցել: Միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ստացել դրական արձագանք»,- ասաց Բադասյանը:
Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ այն դարձնելով 8 անդամից բաղկացած: Նախատեսվում է ստեղծել նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից:
«Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները, և մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,- նշեց Արդարադատության նախարարը:
Ներդրվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ անձի մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք կամ եկամտի աղբյուրը օրինական կամ արժանահավատ չէ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման դեպքերում դառնում է կարգապահական վարույթ հարուցող մարմին՝ նշեց Բադասյանն ու հավելեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում կա առանձնահատկություն:
«Այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդությամբ ոչ թե դիմում է ԲԴԽ, այլ դիմում է ԱԺ-ին՝ Սահմանադրական դատարանի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար դիմել ՍԴ, թե՞ ոչ»,- նշեց նախարարը:
Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքը 28-ից իջեցվում է 25՝ նշեց Բադասյանը՝ հավելելով, որ այն լայնորեն քննարկված թեմա է և չի նշանակում, որ դատավոր են դառնալու 25 տարեկանում, այլ 25 տարեկանից սկսած կարելի է դիմել: Ըստ նախարարի՝ այն որոշակի դաշտ է ստեղծում նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ ապահովվելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







