Հայաստանի խորհրդարանում այսօր՝ փետրվարի 25-ին, տեղի են ունենում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ լսումներ, որոնց ընթացքում քննարկվում են Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունները:
Բացելով լսումները պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ դատաիրավական բարեփոխումները «Նոր Հայաստանի» կառուցման կարևոր փուլ են: Դրա հետ մեկտեղ պատգամավորը նշել է, որ դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են, քանի որ հասարակական փոխհարաբերությունները մշտապես զարգանում են, և այդ զարգացմանը զուգահեռ դատաիրավական համակարգի շարունակական կատարելագործման անհրաժեշտություն է առաջանում:
«Դատական իշխանությունը պետք է լինի հասարակության հայելին: Չպետք է հասարակությունում մնա որևէ քաղաքացի, որը կասկածի տակ դնի դատավորի մասնագիտական և բարոյական որակները: Դատական իշխանությունը իրավական պետության ստեղծման, զարգացման և կայացման հիմքն է: Առանց դատական իշխանության չենք կարող երաշխավորել իրավական պետության ձևավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ երկրի կայուն և հարատև զարգացումը»,- ասել է Վարդանյանը:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ խորհրդարանում անց են կացվել անցումային արդարադատության վերաբերյալ լսումներ, և այդ լսումների ընթացքում շատերը հանդես են եկել որոշ դատավորների նկատմամբ շատ խիստ միջոցներ ձեռնարկելու առաջարկություններով: Վարդանյանն ընդգծել է, որ այս հարցում կոշտ դիրքորոշումը կապված է եղել այն փաստի հետ, որ շատ դատավորներ արդարադատություն իրականացնելիս առաջնորդվել են իրենց նեղ շահերով:
«Բարեբախտաբար, հիմա նման դատավորները փոքրամասնություն են կազմում։ Դատավորների մեծ մասն աշխատում է օր ու գիշեր, որպեսզի ապահովի որակյալ արդարադատություն», — հայտարարել է նա՝ մատնանշելով դատավորների ծանրաբեռնվածությունը։
Ըստ նրա՝ դատական համակարգը ինքնակառավարվող համակարգ է, բայց այն նաև պետք է դառնա ինքնամաքրվող համակարգ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







