Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Տեղեկությունը հրապարակված է Դատական տեղեկատվական համակարգում:
Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր, որ եթե վարչապետը արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
Թովմասյանի կոչին արձագանքել է ՀՀ վարչապետն ու ցուցադրել վերջինիս` 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում իրեն նվիրած գրիչը։
Այս գրառումից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը խնդրել էր իր փաստաբաններին՝ պատրաստել հայցադիմում ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







