Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 2-ին մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործը կարճելու պաշտպանների միջնորդությունը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube ալիքը։
Պաշտպանները միջնորդությունը ներկայացրել էին սեպտեմբերի 25-ին։ Փաստաբան Ամրամ Մակինյանը, մասնավորապես, պնդել է, որ մեղադրանքում բացակայում է Սարգսյանի ենթադրյալ գործողությունների և պետությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի նկարագրությունը։ Դատարանը, միաժամանակ, այս գործով վերացրել է Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։
Նիստից հետո Մակինյանը լրագրողներին հայտնել է, որ մյուս գործով խափանման միջոցը շարունակում է կիրառվել։ Հետևաբար, Մակինյանի պարզաբանմամբ, Սարգսյանը չի կարողանա հեռանալ երկրից։
«Բոլոր այն մարդիկ կամ այն ուժերը, ովքեր անհանգստացած են, որ Սարգսյանի խափանման միջոցը փոխվել է, ես ասում եմ՝ հանգիստ եղեք, չի փոխվել, չի վերացվել, մեկ այլ գործով էլի բացակայելու արգելք կա կիրառված։ Վերջնարդյունքում՝ պարոն նախագահի ելքն այս պահին արգելափակված է, հանգիստ թող լինեն այդ մարդիկ, ովքեր անհանգիստ են, թե Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող»,- ասել է նա։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին։
Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր սկսվել հուլիսին՝ Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու գործի շրջանակում։ Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000-2007թթ․)։
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով)։
ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով ֆիզիկական անձի էր օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և հարակից 0,7 հեկտար հողամասը։ Սա Սարգսյանի դեմ դատարան ներկայացված քրեական հինգերորդ գործն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







