Ադրբեջանը պետք է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) կանոնավոր կերպով թույլ տա այցելել հակամարտության հետ կապված կալանավորված անձանց, հայտարարել է Human Rights Watch-ի (HRW) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան՝ անդրադառնալով Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների խախտումներին։
Գոգիան նշել է, որ Ադրբեջանը պետք է նաև ապահովի բանտարկյալների կանոնավոր կապն ընտանիքների հետ, նամակներ և թույլատրելի ծանրոցներ ստանալու հնարավորությունը, անհրաժեշտ բժշկական օգնությունը, ինչպես նաև ամենօրյա բավարար բացօթյա ֆիզիկական ակտիվության հնարավորությունը։ HRW-ի ներկայացուցիչն անդրադարձել է Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային հասցեագրված ուղերձին։
Վարդանյանը հայտնել էր, որ Ումբակի բանտում պահվող որոշ անձինք չունեն ամենշաբաթյա հեռախոսազանգերի հնարավորություն, իսկ տեսազանգերից նրանցից ոչ ոք չի կարող օգտվել։ Նա նաև տեղեկացրել էր, որ չի կարող բժշկական հետազոտություններ անցնել անգամ սեփական միջոցներով, օգտվել նոտարական ծառայություններից կամ իր բողոքների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալ։ Վարդանյանը նաև պնդել էր, որ բանտարկյալներին բացօթյա ֆիզիկական վարժությունների համար շաբաթական մեկ անգամ տրամադրվում է ընդամենը 20-40 րոպե՝ օրական մեկ ժամի փոխարեն։
Human Rights Watch-ը նշել է, որ չի կարողացել անկախ մարմնի միջոցով ստուգել Վարդանյանի ներկայացրած պնդումները։ Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հերքել էր բանտարկյալների իրավունքների խախտումների մասին պնդումները։
HRW-ն հիշեցրել է, որ կալանավորվածների՝ ընտանիքների հետ կապի հնարավորությունը սահմանափակվել էր, երբ Ադրբեջանի իշխանությունները 2025 թվականի սեպտեմբերին փակել էին երկրում ԿԽՄԿ-ի պատվիրակությունը։ ԿԽՄԿ-ի՝ Ժնևից ժամանած ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել էին կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել, հնարավորություն տվել կապ հաստատել ընտանիքների հետ, ինչպես նաև գնահատել պահման պայմաններն ու նրանց նկատմամբ վերաբերմունքը։
HRW-ն նշել է, որ դատավարությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել արդար դատաքննության իրավունքի պահպանման վերաբերյալ։ Կազմակերպությունը նաև հիշեցրել է Amnesty International-ի գնահատականը, ըստ որի՝ դատավարության ընթացքում ապացույցները ներկայացվել էին մեղադրյալների համար անհասկանալի լեզվով՝ առանց պատշաճ թարգմանության։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել էր 20 տարվա կամ ցմահ ազատազրկման։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհից մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







