ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Ռուբեն Հակոբյանն ազատվել է տնային կալանքից, Armenia Today-ին հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Նա տեղեկացրեց, որ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է վարչական հսկողությամբ և գրավով։ Գրավի չափը Գևորգյանը չհայտնեց։
Նշենք, որ Հակոբյանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի և Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի փաստաբանն է։
Նրան ձերբակալել էին մարտի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով, որը կապված է Լոռու մարզում քննվող քրեական վարույթի հետ։ Խոսքն արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու ենթադրյալ դեպքի մասին է։ Փաստաբանների պալատը հայտնել էր նրա պաշտպանությունը ստանձնելու մասին։






































