«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո ձերբակալվել է 5 անձ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Ըստ ՀԿԿ-ի՝ նրանք մեղադրվում են ենթադրյալ ընտրակաշառք տալու և ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեջ։
Գերատեսչությունը նաև ձայնագրություններ է հրապարակել, որոնք առնչվում են գործին։ Նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակում։
Մարտի 30-ից իրավապահներն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ենթադրյալ ընտրակաշառքներ բաժանելու կամ խոստանալու մասին հաղորդումներ էին տարածել: Կուսակցությունից այդ հաղորդումներն իրավազուրկ էին անվանել։
Ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանին և Վերժինե Ստեփանյանին։ Ղումաշյանին մեղադրել էին ենթադրյալ ընտրակաշառքի, իսկ Ստեփանյանին՝ ընտրողներին ակցիայի մասնակցելու հարկադրանքի հոդվածներով։ Ավելի ուշ նրանց նկատմամբ վարչական հսկողություն էր կիրառվել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագրերի բաժնի ղեկավար և համակարգող Արթուր Ավանեսյանը երկու ամսով կալանավորվել էր ապրիլի 27-ին՝ ենթադրաբար ընտրակաշառք խոստանալու մեղադրանքով։




































