Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Հակոբյանն իր հայցում զրպարտություն է համարել Խաչատրյանի՝ փետրվարի 18-ի գրառումը և պահանջել է նրան պարտավորեցնել հրապարակային հերքել այն։ Որպես վնասի փոխհատուցում՝ Հակոբյանը Խաչատրյանից պահանջել է 1 մլն դրամ։
Խաչատրյանը փետրվարի 18-ի իր գրառման մեջ Հակոբյանին մեղադրել էր «երկիրը պառակտելու մեջ»։
«2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ։ Ահա թե ինչու էր Հակոբյանն արմատական ընդդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»,- գրել էր Խաչատրյանը։




























