Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը, ով մոտ մեկ տարի առաջ ազատվել է պաշտոնից, պաշտոնավարման ժամանակ «ծննդկանների հարազատներից գումարներ է ընդունել», գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի՝ ծննդկանների հարազատները բժշկին գումար են փոխանցել հիվանդանոցում տեղադրված տերմինալի միջոցով: Թերթի պնդմամբ՝ այս մասին տեղյակ են Առողջապահության նախկին և ներկայիս նախարարները՝ Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանը։
Վերջիններից որևէ մեկնաբանություն այս պահի դրությամբ չի ներկայացվել թեմայի առնչությամբ:
Թերթի տեղեկությամբ՝ վերջին շաբաթներին հարկային մարմնից զանգահարում են տարիներ առաջ ծննդաբերած կանանց և առաջարկում, որ եթե տվյալներ լրացնեն, իրենց վճարած գումարները հետ կստանան, քանի որ դրանք չեն հասել բժշկին։
Հիվանդանոցից լրատվամիջոցին փոխանցել են, որ խոսքը վերաբերում է 6 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններից:
Հովակիմյանը պաշտոնից ազատվել էր 2025-ի ապրիլին: Նրան փոխարինել էր «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:






































