Արարատի մարզում հայտնի GTB Steel գործարանի հիմնադիրներն ու ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում են երկաթ ստանալիս զննել ոչ միայն բեռնատարը, այլև բերված երկաթե ջարդոնը, քանի որ բազմիցս կասկածելի պայթուցիկներ են հայտնաբերել, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ վերջին ամիսներին աշխատակիցների ուշադրության շնորհիվ է, որ արտակարգ դեպք տեղի չի ունեցել։ Որոշ բեռնատարների ջարդոնների մեջ աշխատակիցները հայտնաբերել են նռնակներ, հակատանկային արկեր, նշել է լրատվականը։
Կայքի տեղեկությամբ՝ եթե գործարանի աշխատակիցներն առանց զննելու թափոնը լցնեին կրակի մեջ, ապա պայթյունն անխուսափելի կլիներ։
Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվում են Քննչական կոմիտե:
Անցած ամռանը Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ էին հայտնաբերել։ Շնորհիվ դրա՝ չեղարկվել էր հնարավոր պայթյունն ու դրա հետևանքը հարակից բնակավայրերի վրա։




































