Բաքվում հայերի նկատմամբ շարունակվող «դատավարությունների» նպատակն Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է և ցուցադրական պատիժը, հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Սա վերաբերում է բոլոր այն հայերին, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելություն և գործունեություն, և սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարներին»,- նշել է նա։
Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանություններն իմիտացրել են բաց դատավարություններ, սակայն դրանք իրենց բնույթով փակ էին անկախ լրագրողների, մասնագետների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար։
«Տեղի է ունեցել միակողմանի լուսաբանում, այլընտրանքային տեղեկատվություն ունենալու դեպքում տեղի են ունեցել անհամապատասխանատվություններ կամ ոչ ամբողջական տեղեկատվության հրապարակում»,- նշել է նա։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։
Ադրբեջանն ավելի վաղ բացառել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստանին փոխանցելու հնարավորությունը:





































