Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ չեն քննարկում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստան տեղափոխելու հարցը, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրներին։
Մեկնաբանելով հետաքննության կամ դատավարության մեջ գտնվող այլ անձանց հնարավոր տեղափոխման վերաբերյալ սոցիալական ցանցերի քննարկումները՝ գործակալության աղբյուրները նշել են, որ նման հեռանկարը բացառվում է։
«Այս ենթադրությունները պատրանք են»,- հայտարարել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։
Կառավարության մեկ այլ աղբյուր նույնպես վճռականորեն հաստատել է այս դիրքորոշումը գործակալությանը։
«Նրանք պատասխանատվության կենթարկվեն իրենց կատարած հանցավոր գործողությունների համար և, երբ նրանց մեղքն ապացուցվի, կպատժվեն ամենախիստ ձևով»,- հայտարարել են նրանք։
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել չորս գերու՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ նրանց վերադարձի գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:
Ադրբեջանում մինչ այս պահվում էր 23 հայ գերի, 4 գերիների վերադարձից հետո այժմ նրանց թիվը 19 է։ Գերիների թվում են Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները, որոնց դատավարություններն սկսվել էին 2025-ի հունվարի 17-ին։






































