ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառված 182,5 մլն դրամի վնասը վերականգնվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ ՓԲ ընկերության աշխատակիցներ Ս․Մ․-ն և Գ․Ե․-ն նախնական համաձայնությամբ Գ․Գ․-ից և Հ․Ա․-ից ստացել են ընդհանուր՝ 1 մլն 710 հզր դրամ կաշառք, ինչպես նաև չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները՝ 61 մլն 52 հզր 356 դրամի չափով գույքային վնաս են պատճառել ընկերությանը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Մ․-ի և Գ․Ե․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելուն օժանդակելը), 272-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք ստանալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս), Գ․Գ․-ի և Հ․Ա․-ի նկատմամբ՝ 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մասնավոր ոլորտում կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար)։
Նշվում է, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:






































