Միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն կարող է որոշ հայ գերիների ազատ արձակել մինչև 2025 թվականի վերջ՝ դա կապելով քաղաքական գործընթացների և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման հետ։
Ադրբեջանն ավարտում է արցախցի նախկին ղեկավարների, այդ թվում՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի այսպես կոչված՝ «դատավարությունները»։ Մեղադրական դատավճիռները, նրա խոսքով, կարող են կայացվել մինչև 2025 թվականի վերջը կամ 2026 թվականի սկիզբը։
«Այս տարվա ավարտին կամ եկող տարվա սկզբին կունենանք մեղադրական դատավճիռներ, քանի որ մեղադրող կողմն արդեն իսկ հանդես է եղել եկել պատժի առաջարկով։ Հստակ է, որ առնվազն նախկին ղեկավարներին սպառնում է ցմահ ազատազրկում, երկու պարագայում տարիքի գործոնով պայմանավորված ցմահ ազատազրկումն օրենքի ուժով փոխարինվում է տևական՝ 20 տարի ազատազրկմամբ։ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմին մասնակցած անձանց դեպքում դարձյալ տևական ազատազրկում է պահանջվում՝ 14-19 տարի ժամկետով»,- նշել է իրավապաշտպանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի դատարանները հեռու են անկախ լինելուց, իսկ ռազմական դատարաններն օգտագործվում են բացառապես որպես քաղաքական ճնշման գործիք։
Սահակյանի խոսքով՝ հայկական կողմի խնդիրն այս փուլում ադրբեջանական դատավարություններում թույլ տրված խնդիրների, մարդու իրավունքների խախտումների մանրամասն ու փաստական ներկայացումն է միջազգային ատյաններում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։ Զուգահեռ ընթացող Վարդանյանի գործով դեռ, այսպես կոչված, տուժողների ցուցմունքներն են ընթերցում։
Սեպտեմբերի 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր Ադրբեջանում իր գրասենյակը փակելու մասին։ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նոյեմբերի 26-ին ահազանգել էր, որ հայ գերիները և նրանց հարազատները ծանր իրավիճակում են հայտնվել ԿԽՄԿ-ի՝ Ադրբեջանում գործունեության դադարեցումից հետո:





































