Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:21

Ցեղասպանության հարցում Թուրքիայի կողմից առաջին քայլը ճանաչումն է․ Մանուկյան

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Աշխարհի բոլոր ծայրերում հայությունը ոգեկոչում է 1,5 մլն անմեղ նահատակների հիշատակը։ Աշխարհի մոտ երեք տասնյակ պետություն, մի շարք երկրների խորհրդարաններ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն Թուրքիան դեռևս շարունակում է ժխտողական քաղաքականությունը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի ժխտողական քաղաքականության ու ցեղասպանության ճանաչման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության մասին Armenia Today-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի Ցեղասպանության բաժնի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանի հետ։

— Պարոն Մանուկյան, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունն ի՞նչ փոխակերպումների է ենթարկվել, այսօր Էրդողանի վարչակազմի կողմից որքանո՞վ է հնարավոր ցեղասպանության ճանաչումը։

— Հայոց ցեղասպանության ճանաչման համար նախ պետք է հասկանանք, թե ինչպիսի Թուրքիայի հետ գործ ունենք այսօր։ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի ավանդական քաղաքականության մասն է։ Եթե սկզբնական ժամանակաշրջանում Թուրքիան ժխտում էր այն, ինչ կատարվել է, հետագայում հասկացավ, որ անհնար է շարունակել ժխտողական քաղաքականությունը, փորձեց ինչ-որ արդարացումներ գտնել՝ նշելով, որ երկու կողմերից էլ զոհեր են եղել՝ այսկերպ առաջ բերելով ընդհանուր ցավի կոնցեպտը։

Վերջին երկու տարիներին տեսնում ենք, որ Էրդողանի քաղաքականությունը շատ ավելի կոշտ է դարձել․ նա ոչ միայն ժխտում է, չի ընդունում կատարվածը, այլև մեղադրում է զոհին՝ հայտարարելով, որ եթե բացվեն արխիվները, ապա պարզ կդառնա, որ հայերն են ցեղասպանել թուրքերին։ Այս պայմաններում արդեն շատ դժվար է խոսել թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։

Եթե 10 տարի առաջ մենք որոշակի հույսեր ունեինք, որ Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, քանի որ այն ժամանակ նաև հասարակական մակարդակով որոշակի փոփոխություններ էին տեղի ունեցել․ ինտելեկտուալ փոքր շրջանակ խոսում էր այս մասին, և մենք հույս ունեինք, որ կարող է ընդլայնվել Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարների կրողների շրջանակը, ապա այսօր, ցավոք սրտի, և՛ Էրդողանի քաղաքականությունն է կոշտանում, և՛ հասարակությունը շատ ավելի արմատական է դարձել այս առումով։

Այս պայմաններում մեզ մնում է շարունակել ճանաչման գործընթացը, որովհետև Թուրքիային ճնշելու միակ միջոցը միջազգային քաղաքականությունում միշտ այդ հարցը բարձրացնելն ու տարբեր երկրների կողմից ճանաչման հասնելն է․ յուրաքանչյուր ճանաչում լրացուցիչ ճնշում է Թուրքիայի վրա, և ազգային անվտանգության առումով կարևոր նշանակություն ունի։

Նշեմ, որ անցյալ տարի շատ կարևոր ձեռքբերում ունեցանք՝ այն է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, և կարելի է համարել, որ ԱՄՆ-ը նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

— Թուրքիայի հասարակության շրջանում այսօր ինչպիսի՞ ընկալումներ ու քննարկումներ կան։ Հրանտ Դիրքի մահվանից հետո թուրքական հասարակության ներսում տրամադրությունների ինչպիսի՞ փոխակերպումներ ունենք։

— Նշեմ, որ Թուրքիայի հասարակության շրջանակներում ցեղասպանության վերաբերյալ քննարկումները սկսվել էր նաև նախքան Դինքի սպանությունը։ Դինքի ֆենոմենն այն է, որ նա առաջինը սկսեց այդ թեման հրապարակայնորեն քննարկել՝ բարձրաձայնելով Թուրքիայում ապրող հայերի ներքին քննարկումները։ Դինքը Թուրքիայի քաղաքացի էր և շատ էր հավատում Թուրքիայի վերափոխմանը։ Պատահական չէ, որ նա իր թերթի մի մասը տպագրում է հայերեն, մի մասը՝ թուրքերեն, որպեսզի թուրքական հանրությանն էլ հայտնի լինեն հայկական շրջականների քննարկումները։ Դինքի սպանությունից հետո թուրքական հասարակության մի ստվար հաստվածի կողմից այդ հարցի բարձրացումը հենց այն հույսն էր, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը։

Թուրքիայում ցեղասպանության թեմայի արծարծումը, այդ թեմայով ոչ ժխտողական գրքերի հրապարակումը, որը ամենևին էլ չէր արտահայում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, մեզ հնարավորություն է տալիս ասելու, որ միգուցե դա խաղ էր, որ թուրքերի տանում էին 2015 թվական՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։ Այսկերպ Թուրքիան փորձում էր որոշակիորեն մեղմել միջազգային հանրության դիրքորոշումը՝ ասելով, որ իրենք էլ են սկսել այդ ուղղությամբ քայլեր անել՝ միաժամանակ առաջ բերելով ընդհանուր ցավի կոնցեպցիան և իրենք էլ են կորուստներ կրել։

2015 թվականից հետո փոխվել է ոչ միայն թուրքական պետության, այլև հասարակության դիրքորոշումը․ դա պայմանավորված է նրանով, որ ովքեր խոսում էին այդ մասին, բանտարկված են։ Հիմա գործ ունեն փակ պետության հետ, որտեղ ցեղասպանության մասին չեն խոսում՝ կա՛մ այն պատճառով, որ վախենում են՝ իրենց հետ հաշվեհարդար տեսնեն, կա՛մ այնքան է արմատացել իշխանությունների քարոզչությունը, որ բացառում են այս մասին խոսելը։

— Մեզ համար առաջնային խնդիր է ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և փոխհատուցումը, սակայն հայրենազրման գաղափարի մասին, կարծես թե, այդքան էլ չի խոսվում։ Այդ կոնցեպտը ինչպե՞ս պետք է ներդրվի ցեղասպանության ճանաչման ու դատապարման քաղաքականության համատեսքում, ո՞ր շրջանակներն առավել առարկայորեն կարող են այդ հարցը բարձրաձայնել։

— Բավականին բարդ հարց է, քանի որ չկա համընդհանուր կարծիք, չկա նաև այն շահառուն, որը պետք է բարձրաձայնի այդ մասին․ դա կարող է լինել կա՛մ մեր պետությունը՝ որպես ինստիտուցիոնալ կառույց, կա՛մ հայկական սփյուռքը՝ որպես ցեղասպանության ուղղակի հետևանք, կա՛մ համաձայնեցված մեկ այլ գործողություն։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնեցված գործողությունն էլ դաշտ չի գտնում դա արտահայտելու։

Մեր պահանջը արդարությունն է, խաթարաված արդարության վերականգնումը քանի որ ցեղասպանությունից հետ արդարություն չեղավ, ոճրագործները չկրեցին պատիժներ, չեղավ փոխհատուցում և կորսվածը չվերականգնվեց։

Ցեղասպանության հարցում առաջին քայլը ճանաչումն է, միայն դրանից հետ կարելի է Թուրքիայի հետ խոսել փոխհատուցման մասին։ Պետք է հասկանանք, որ սա զուտ բարոյական կամ իրավական խնդիր չէ, սա նաև քաղաքական խնդիր է, քանի որ որքան ուժեղ ես քաղաքականության մեջ, այնքան ավելի շատ են քեզ հետ հաշվի նստում, իսկ Հայաստանի հզորացումը պահանջատիրության թիվ մեկ գրավականն է։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+