ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 16-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի հետ կապված հարաբերությունները։
Ըստ ընդունված օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 մլն ՀՀ դրամը։ Շուկայական արժեքում հաշվարկվում են նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բարելավումները, եթե դրանք անհնար է առանձնացնել գույքից, անկախ այդպիսի բարելավումներ կատարելու համար օգտագործված եկամտի օրինականությունից:
Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը, սակայն հիմնականում քննության է ենթարկվելու վերջին 10 տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը:
Նախքան ընդունվելը՝ այս օրենքը բազմաթիվ մտահոգությունների ու քննարկումների տեղիք էր տվել թե՛ իրավական հանրության, թե՛ նախկին ու ներկա պաշտոնյաների շրջանում։
Վերոնշյալ օրենքի իրավական ու ընթացակարգային մեխանիզմերի որոշակիության, դրա հիմնական բացերի և օրենքին առնչվող այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։
-Տիկին Մելոյան, օրենքով սահմանվում է բավականին լայն վաղեմության ժամկետ։ Վաղեմության այդքան մեծ ժամկետի սահմանումն ուսումնասիրության համար թե՛ իրավական, թե՛ ընթացակարգային առումով ի՞նչ խնդիրներ կարող է պարունակել։
Ապօրինի գույքի բռնագանձման համար վարույթներ հարուցելու վաղեմության ժամկետը նախագծի սկզբնական տարբերակում սահմանվում էր վերջին 10 տարին, սակայն հաշվի առնելով իրավական հանրության կողմից բարձրացված քննադատություններն ու աղմուկը, ինչպես նաև ԱԺ խմբակցությունների առաջարկությունները կապված ժամանակահատվածի սահմանափակության հետ՝ նախագծում խմբագրություններ կատարվեցին։ Այդուհանդերձ, վաղեմության ժամկետը համահավասար չի գործելու․ չնայած վաղեմության ժամկետի երկարաձգմանը՝ միայն բացառիկ դեպքերում են 1991 թ․ սեպտեմբերից հետո տեղի ունեցած դեպքերի մասով վարույթներ հարուցվելու։
Նշեմ, որ վերջին տարիներին ՀՀ օրենսդրությամբ մի շարք մեխանզիմներ են ներդրվել, օրինակ՝ եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, որի միջոցով բավականին դյուրին կլինի պարզելու գույքի ապօրինի բնույթը, սակայն դրանից առաջ չեն եղել մեխանիզմներ, որոնք այժմ իրավական տեսանկյունից հնարավորություն կտան ավելի հեշտությամբ այդ ամենը պարզելու։
Եթե ավելի հետադարձ թվով նայեք, ապա կարող ենք ասել, որ ապացուցողական տեսանկյունից կարող են առաջանալ հետևյալ խնդիրներն ու դժվարությունները՝
-Ինչքանով էլ հանրությունն իրազեկված է, թե այն ժամանակահատվածում ինչքան ապօրինություններ են տեղի ունեցել, այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանում իրավական հստակ մեխանիզմեր չկային,
-1991-1993 թվականներին ՀՀ-ում կար արժույթի խնդիր, և այս առումով հստակեցման ու ապացուցման տեսանկյունից բարդ է լինելու։
-Գույքի ապօրինության պարզման սահմանվող գործիքակազմը որքանո՞վ արդյունավետ կլինի, և արդյո՞ք տարբերակված մոտեցման խնդիրներ չկան։
Այս օրենքի մշակման և ընդունման դեպքում հղում է արվել մի շարք առաջադեմ երկրների փորձին, ու առաջարկվող գործիքակազմը փորձել են իմպլեմենտացնել ՀՀ օրենսդրությանը։ Սակայն մեկ այլ բան է ընդունված օրենքի տեքստային տարբերակը, մեկ այլ բան է՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, երբ սկսեն այդ օրենքն իմպլեմենտացնել։
Այժմ էլ ընդունված մի շարք օրենքների դեպքում, տեսնում ենք, որ կախված մարդկանց քաղաքական հայացքներից՝ տարբերակված մոտեցում է կիրառվում տվյալ օրենքի սուբյեկտների նկատմամբ։ Եթե իշխանությունն իր մեջ ուժ գտնի, առանց որևէ խտրականության՝ արժևորելով Սահմանադրության կարևորագույն դրույթները, օբյեկտիվորեն մոտենա և օբյեկտիվորեն կյանքի կոչի այս և իրենց կողմից առաջարկված ու ընդունված մի շարք այլ օրենքներ, ապա կիրառման առումով, կարծում եմ, այդքան շատ խնդիրներ չեն առաջանա։
Սակայն լինելով քաղհասարակության և իրավական հանրության ներկայացուցիչ՝ ունեմ մտահոգություն, որ պրակտիկ կիրառման ընթացքում հետագայում որոշակի խնդիրներ առաջանալու են։
Այնուամենայնիվ, պետք է սպասել, տեսնել, թե առաջին մի քանի դեպքերի համար ինչպես է գործնականում կիրառվելու օրենքը։ Կարևոր է, որ հանրությունը՝ որպես վերահսկողական մեխանիզմ՝ ուշիուշով հետևի այդ գործընթացին, որպեսզի չարաշահումները հնարավորինս նվազեցվեն։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







