Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Ինչպե՞ս կազդի պանդեմիան Մերձավոր Արևելքի վրա․ հարցազրույց՝ Արմեն Պետրոսյանի հետ

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել ողջ աշխարհում՝ ընդգկելով գրեթե բոլոր երկրները։ Արդեն տևական ժամանակ է, ինչ վարակի դեպքեր են արձանագրվել նաև ակտիվ ռազմական բախումների թատերաբեմ Մերձավոր Արևելքի երկրներում։ Վարակի առաջին դեպքերն ի հայտ եկան փետրվար ամսին Իրանում, որտեղ ըստ վերջին տվյալների՝ արձանագրվել է վարակի ավելի քանի 76 հազար դեպք։ Թուրքիայում, չնայած Իրանից ավելի ուշ վարակի առաջին դեպքերի հաստատվելուն, ևս լայն թափով համավարակը տարածվում է․ արդեն արձանագրվել է վարակի ավելի քան 65 հազար դեպք, Իսրայելում հաստատվել է ավելի քան 12 հազար դեպք։

Համավարակի տարածման ֆոնին՝ Թուրքիան շարունակում է հանդես գալ «մարդասիրական» նախաձեռնությունների հայտարարություններով․ օրեր առաջ Կ․ Պոլսի Հայոց պատրիարքի միջոցով հայտարարություն տարածվեց, որ Թուրքիան պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին։

Մերձավոր Արևելքում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, Թուրքիայի մարդասիրական քայլերի և այս թեմային առնչվող այլ հարցերի մասին Armenia Today-ը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ինչպիսի՞ն է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկում տարածաշրջանի երկրները համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Մերձավորարևելյան տարածաշրջանը նույնպես զերծ չէ կորոնավիրուսով պայմանավորված գլոբալ մարտահրավերից, և բոլոր երկրներում արդեն իսկ արձանագրվել են վարակի դեպքեր, անգամ Եմենում, որը տարածաշրջանի վերջին երկիրն էր, որտեղ դեպք չէր արձանագրվել, վարակի 1 դեպք արդեն հաստատվել է։

Տարածաշրջանի առավել մեծաթիվ բնակչություն ունեցող երկրներից պետք է առանձնացնել Իրանը, Թուրքիան, Եգիպտոսը։ Առաջին երկու երկրներում վիրուսն առավել մեծ թափով է տարածվում․ եթե Իրանում համավարակի տարածումը սկսվել է ընթացիկ տարվա փետրվարից և վարակի պիկը, իրանական կողմի տարածած տվյալների համաձայն, հաղթահարվել է, ապա նույնը չենք կարող ասել Թուրքիայի և Եգիպտոսի մասին, որտեղ պիկը դեռևս առջևում է։

Սիրիայում և Լիբիայում շուրջ 3,4 տասնյակից ավել դեպք է արձանագրվել։ Սիրիայի պարագայում նկատվում է իրավիճակի վերահսկելիություն, որովհետև իշխանությունները, անգամ մինչև վարակի մուտքը երկիր, լուրջ միջոցառումներ էին իրականացրել։ Սիրիայի կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է հիմնականում Դամասկոսի օդանավակայանով, և արտերկրից եկած բոլոր ուղևորներին պարտադիր կարանտինի են ենթարկում․ իհարկե, խոսքը Սիրիայի այն շրջանների մասին է, որոնք վերահսկվում են կառավարության կողմից։ Որոշակի վերահսկելիություն է նկատվում նաև Լիբանանում․ վերջին մի քանի օրերին այս երկրում դեպքերն ակնհայտորեն նվազել են։

Տարածաշրջանում կան նաև վարակի դեմ պայքարում հաջողված փորձեր։ Այս դեպքում կարող ենք առանձնացնել Հորդանանի փորձը․ միանշանակորեն կարող ենք փաստել, որ առկա իրավիճակում, այդ երկրի իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Դա պայմանավորված է այս երկրի իշխանությունների՝ համավարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ իրականացրած առաջանցիկ քայլերով։

Իսրայելում, չնայած վարակի ակտիվ տարածմանը, այդուհանդերձ առողջապահական առումով իրավիճակը վերահսկելի է, երկիրը գնում է տոտալ թեստավորման ճանապարհով, մահերի և վարակակիրների միջև հարաբերակցությունը 1 տոկոսից էլ ցածր է։

Արաբական երկրներից կարելի է առանձնացնել Քուվեյթի օրինակը, որտեղ, չնայած վարակակիրների թվին, ամենաքիչ մահվան դեպքներն են արձանագրվել։ Որոշակի վերահսկողություն կա նաև Կատարում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Կարծես թե իրավիճակն անվերահսկելի է թվում Սաուդյան Արաբիայում։

Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր երկրներում էլ իրականացվում են ողջ աշխարհում ընդունված մոտեցումները՝ հիմնական սահմանափակումները՝ ինչպես քաղաքացիների, այնպես էլ արտաքին աշխարհի հետ կապի տեսքով, սոցիալական տարբեր խմբերին ցուցաբերվում է աջակցություն, ինչպես նաև տնտեսությունը կանխատեսվող ցնցումներից փրկելու նպատակով իրականացվում են որոշակի միջոցառումներ և այլն։

-Թուրքիայում համավարակը լայն թափով տարածվում է և սրան զուգահեռ թուրքական իշխանությունները պարբերաբար հայտարարում են այս կամ այն երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Այս պոպուլիստական հայտարարությունները ո՞ր լսարանին են առավել ուղղված և ի՞նչ նպատակ ունեն։

Թուրքիայի հետ կապված իրավիճակի դեպքում պետք է հաշվի առնել այն, որ վարակն այդ երկրում շատ մեծ արագությամբ է տարածվում, և թուրքական իշխանությունները փաստացի նաև իրավիճակի կառավարման հարցում թույլ տված լուրջ բացթողումների՝ մարտահրավերը ճիշտ չգնահատելու, ժամանակին կանխարգելիչ միջոցառումների չդիմելու հետևանքով կանգնած են որոշակի լուրջ խնդիրների առջև և փորձում են տարբեր քարոզչական գործիքներով մեղմել այն խնդրահարույց իրավիճակը, որն այսօր ստեղծվել է։ Մասնավորապես, ակտիվորեն տարածում են տեղեկություններ, որ Թուրքիան մեկ տասնյակից ավել երկրների հումանիտար օգնություն է ցուցաբերել՝ համավարակի դեմ պայքարելու համար։ Անգամ հայտարարվում է, որ հարյուրից ավել երկրներ էլ դիմել են իրենց օգնության խնդրանքով, անգամ նշվում է, որ Հայաստանն ու Իսրայել են դիմել օգնության խնդրանքով։ Այս երկու երկրները միասին են դիտարկվում, քանի որ Թուրքիան նրանց հետ ունի խնդիրներ, և այսկերպ այդ երկրի իշխանություններն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարաններին ցույց են տալիս, որ համավարակի գլոբալ մարտահրավերի պայմաններում Թուրքիան երկրորդական պլան չի մղում ստանձնած միջազգային պարտավորությունները, մարդասիրական նորմերը և հնարավորության սահմաններում փորձում է աջակցել այլ երկրների։ Եվ ստեղծված իրավիճակում կեղծ քարոզչության, ապատեղեկատվության միջոցով թուրքական իշխանությունները փորձում են աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել՝ ընդգծելով սեփական երկրի դերը և հնարավորությունները այս գլոբալ մարտահրավերի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների հարցում։

-Օրեր առաջ տեղեկություններ եղան, որ թուրք ոստիկաններն Իդլիբում որոշ գործողություններ են ձեռնարկել։ Ելնելով պանդեմիայով պայմանավորված իրավիճակից՝ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Թուրքիայում՝ ի՞նչ զարգացում ակնկալել, արդյոք Թուրքիան որոշակի գործողություններ կձեռնարկի իր հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար։

Սիրիայում իրավիճակի լուրջ սրում չկա, և Թուրքիայի գործողությունները մարտի սկզբին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում են, իսկ Իդլիբում ռազմական ոստիկանության գործողություններն ուղղված են այն խնդիրների լուծմանը, որոնք առաջացել են թուրքական կողմի առջև։ Ինչպես գիտենք, թուրք և ռուս զինծառայողները պայմանավորվել էին անցկացնել իրավիճակի մշտադիտարկում M4 միջազգային ճանապարհի վրա։ Այս հատվածում վերջին օրերին տեղի են ունեցել բողոքի գործողություններ, որոնք իրականացվել են սիրիական ընդդիմադիր, Թուրքիայի կողմից վերահսկվող տարբեր խմբավորումների կողմից, և թուրքական ոստիկանության գործողությունները միտված են այս բողոքի ակցիաները ճնշելուն և մշտադիտարկման գործողությունները ի վերջո ավարտին հասցելուն։

Թուրքիան, ըստ էության, Մոսկվայում ստանձնած պարտավորությունները իրականացնելու համար գնում է նման քայլի՝ օգտագործելով նաև ռազմական ոստիկանության ուժերը։ Անշուշտ Թուրքիան, օգտվելով իրավիճակից, փորձելու է ավելացնել նաև ռազմական հենակետերը Սիրիայում՝ ավելացնելով նաև զինծառայողների թիվը։

Ընդհանուր առմամբ, պարզ է, որ որքան համավարակով պայմանավորված իրավիճակը շարունակվի, այնքան տարածաշրջանի խնդիրները երկրորդ պլան կմղվեն, որովհետև պետությունները ստիպված են սեփական տնտեսական, սոցիալական մարտահրավերները լուծել։ Իհարկե, որոշ երկրների դեպքում չի բացառվում, որ ծագած խնդիրները հաղթահարելու համար իշխանությունները դիմեն արտաքին ուղղությամբ սրացումների՝ փորձելով շեղել սեփական հասարակությունների ուշադրությունները։ Օրինակ, Թուրքիայի դեպքում չի բացառվում, որ ավելի ակտիվացվեն գործողությունները Սիրիայում և Լիբիայում, որովհետև արդեն իսկ լուրջ հետևանքներ են կանխատեսվում Էրդողանի գլխավորած վարչակարգի համար հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում։ Եվ չնայած որոշ երկրների կողմից հնարավոր են միտումնավոր լոկալ սրացումներ, այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, հակամարտային զարգացումները, առնվազն մինչև ընթացիկ տարվա վերջ, հազիվ թե լայն մասշտաբներ ընդգրկեն Մերձավոր Արևելքում։

-Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում հասունացող լուրջ տնտեսական ճգնաժամերի հետևանքով Մերձավոր Արևելքում ի՞նչ վերաձևումներ ակնկալել թե՛ ներպետական, ներքաղաքական, թե՛ տարածաշրջանային առումով։

Հարցին ավելի առարկայական պատասխանելու համար պետք է հստակ գնահատական լինի, թե ժամանակային առումով որքան կշարունակվի այս իրավիճակը, իսկ համավարակային մարտահրավերների դեպքում նման գնահատականներն անհնարին են։ Ակնհայտ է, որ դեռևս մի քանի ամիս, եթե ոչ ավելի երկար ժամանակ այս անորոշությունը կարող է շարունակվել և ունենալու է մի շարք հետևանքներ։ Իհարկե, տարբեր երկրներում տարբեր մասշտաբներով են այդ հետևանքները լինելու, և բացի սոցիալ-տնտեսական ոլորտից՝ արդեն իսկ մի շարք երկրներում նկատվում են համավարակային իրավիճակի կառավարման հետ կապված խնդիրներ։ Մի շարք երկրներում թե՛ համավարակի կանխման և վերահսկման հարցերում, թե՛ դրա հաղթահարումից հետո իրավիճակի գնահատումը կարող է հանգեցնել կառավարութունների և կառավարման համակարգների համար լուրջ խնդիրների։

Կան երկրներ, որոնք առայժմ հաջողել են, և կան երկրներ, որոնք առավելապես ձախողվել են․ օրինակ Իրանում տնտեսական առումով շատ լուրջ խնդիրներ կան, անգամ համավարակի տարածման շրջանում իրանական իշխանությունները, այլընտրանք չունենալով, գնում են եղած սահմանափակումներն աստիճանաբար դադարեցնելու ճանապարհով։ Թուրքիայում դեռևս բարդ է նշել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան, որովհետև իշխանություններն ակնհայտորեն թերացան ժամանակին կանխարգելիչ գործողությունների նախաձեռնման, իսկ ներկայում՝ իրավիճակի վերահսկման հարցում, և դեռևս պարզ չէ՝ ինչ հետևանքներ կունենա վարակի տարածումն այդ երկրի համար․ չի բացառվում, որ այս մարտահրավերը կարող է լուրջ խնդրի վերածվել գործող վարչակարգի համար։ Լիբանանում, չնայած վարակի տարածումն առայժմ վերահսկելի փուլում է, այդուհանդերձ տնտեսական իրավիճակը բավականաչափ խնդրահարույց է, երկիրը դեֆոլտ է հայտարարել, և բնակչության 50 տոկոսից ավելիի կենսամակարդակը աղքատության շեմից ցածր է։

Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներ կան և դրանք իրենց ազդեցությունն ունենալու են, իսկ ազդեցության ծավալը հնարավոր կլինի պարզել՝ հաշվի առնելով՝ որքան կտևի ներկա անորոշությունը։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+