Արցախա-ադրբեջանական հակամարտության համատեքստում մեր հարևանի և հակառակորդի մասին օբյեկտիվ ու անաչառ տեղեկատվության տիրապետելը խիստ անհրաժեշտություն է նաև վերջինիս նկատմամբ ճիշտ քաղաքականություն վարելու տեսանկյունից։
Այս տարվա հունվարին լույս տեսավ թուրքագետ Վարուժան Գեղամյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագիրքը։ Համահեղինակներն այն նվիրել են Հայաստանի սահմանները պաշտպանողներին:
Տեղեկագրքի հրատարակման, այն կազմելիս ծառացած դժվարությունների, Ադրբեջանում հայերի մասին ունեցած պատկերացումների ու միֆերի, ինչպես նաև Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև քննարկման մասին Armenia Today-ը զրուցել է տեղեկագրքի համահեղինակ Էդգար Էլբակյանի հետ։
— Նախորդ ամիս լույս տեսավ Ձեր և Վարուժան Գեղամյանի համահեղինակած «Ժամանակակից Ադրբեջան» տեղեկագիրքը։ Ինչո՞ւ ընտրեցիք տեղեկագրքի ձևաչափը և ինչքա՞ն ժամանակ եք տրամադրել այն կազմելուն։
Տեղեկագրքի ձևաչափն ինքնին հետաքրքիր է, այն պատմականորեն առաջացել է հարուստ երկրներում, եթե չասենք՝ կայսրություններում։ Ինչո՞ւ կայսրություններում, որովհետև դրանք այն պետություններն էին, որոնք ունեին հնարավորություն իրենց համահավասար պետությունների, գաղութների, նվաճված ժողովուրդների մասին ստեղծելու այդպիսի աշխատանքներ։ Խորհրդային Միությունում ևս կազմվել են այդպիսի տեղեկագրքեր, որոնց մի մասը թարգմանվել է նաև հայերեն, օրինակ՝ «Ժամանակակից Թուրքիա» երկը։ Մենք որոշեցինք անկախ Հայաստանում ինչ-որ կերպ շարունակել այս ավանդույթը։ Առնվազն մեզ չի հանդիպել որևէ տեղեկագիրք, առավել ևս՝ Ադրբեջանի թեմայով։
Ընդհանուր առմամբ, տեղեկագրքի պատրաստման վրա նեղ առումով աշխատել ենք ամբողջ աշուն, բայց մեծ առումով սա, իհարկե, մեր երկար տարիների աշխատանքի արդյունքն է։
— Ո՞ր լսարանի համար է տեղեկագիրքը նախատեսված և ի՞նչ կտա ընթերցողին։
Տեղեկագիրքը նախատեսված է բավականին լայն լսարանի համար։ Եթե տարբերակենք երկու լսարանային հատվածներ, ապա նեղ առումով՝ մասնագետների, լրագրողների, դիվանագետների, պետական ու քաղաքական գործիչների և այս բնագավառի ուսանողների համար, իսկ լայն առումով՝ ընթերցողների մեծ շրջանակի, որովհետև Ադրբեջանը ճանաչելու ու հասկանալու խնդիր ունենք բոլորս։ Պետական շահի տեսանկյունից խիստ ցանկալի կլինի, որ հնարավորինս մեծ թվով մարդիկ տեղյակ լինեն հարևան երկրի մասին առնվազն ամենատարրական տվյալներին։
— Տեղեկագրքում բերվում են բազմաթիվ թվական և փաստական տվյալներ Ադրբեջանի բնակչության, տնտեսության, ինչպես նաև ԶՈՒ-ի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք կարողացել հավաքել այդ տվյալները՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն այս առումով բավականին փակ երկիր է, և առհասարակ ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այն կազմելիս։
Ադրբեջանում պետականորեն շատ տվյալներ առհասարակ չեն հրապարակվում, օրինակ՝ մարդահամարի տվյալներում երբեք չեն հրապարակվում էթնիկ-ազգային պատկանելության տվյալներ, իսկ եղած տվյալներն էլ շատ հաճախ հեռու են իրականությունից։ Տեղեկագիրքը կազմելիս ամենատարբեր պրոքսիփոփոխականներ, պրոքսիմեթոդներ ենք օգտագործել, երբեմն հենվել ենք մեր գործընկերների հետազորտությունների վրա։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն մեր աշխատանքի հանրագումարն է, այլ նաև Ադրբեջանի ուղղությամբ դաշտում առկա հետազոտությունների լավագույն ծաղկաքաղը։ Օրինակ՝ բնակչության թիվը մենք նշում ենք մոտ 6-6․5 մլն, այս հարցում մեզ ուղղորդել, օգնել է մեր լավագույն վիճակագիրներից Հրանտ Միքայելյանը։ Նրա մեթոդաբանությունը հենց անուղղակի մեթոդների վրա է հիմնված․ վերցվել են ալյուրի սպառման ծավալներից մինչև ընտրական հանձնաժողովների քանակ՝ համեմատած երկրի տարածքի և այլնի հետ։ Այսօրինակ անուղղակի վիճակագրական տվյալներով՝ փորձել ենք հանգել իրականին և ստացել ենք պետական վիճակագրական տվյալների համեմատ՝ մոտ երեք միլիոնի տարբերություն։

— Արդյոք նախատեսո՞ւմ եք վերահրատարակել այս աշխատանքը կամ ստեղծել դասագիրք Ադրբեջանի վերաբերյալ։
Երկու դեպքում էլ առնվազն ցանկության և նպատակադրման առումով պատասխանն «այո» է։ Առհասարակ տեղեկագրքի ժանրն է պահանջում, որ այն անընդհատ վերահրատարակվի։ Տեղեկագրքի շնորհանդեսի ժամանակ մենք նշեցինք Ադրբեջանի պատմության վերաբերյալ դասագրքի ստեղծման անհրաժեշտությունը, որը ոչ միայն հայերենով առաջինը կլինի, այլև ադրբեջաներենից բացի՝ մնացած բոլոր լեզուներով։
— Դուք մեկն էիք Ադրբեջան այցելած լրագրողներից։ Ի՞նչ տեսաք այնտեղ և ի՞նչ պատկերացումներ, միֆեր կան հայերի վերաբերյալ շարքային ադրբեջանցու մոտ։
Շարքային ադրբեջանցիների հետ որպես այդպիսին մենք չենք շփվել։ Եղել է ընդամենը մի պատահական բացառություն։ Իմ խնդրանքով քաղաքի կենտրոնով քայլելիս մտանք գրախանութներից մեկը, գրքեր գնեցի և վճարելուց ու մանրը ստանալուց հետո վաճառողուհուն խնդրեցի Հայաստանից բարևներ փոխանցել գրախանութի ցանցի տիրուհուն։ Մեզ ուղեկցող ադրբեջանցիները մտածեցին, որ ես «պրովոկացիա» եմ անում։ (Ես կարծում էի, որ անվտանգության աշխատակիցները տեղյակ են պահել, որ գրախանութ մտնողները հայեր են, որովհետև մեզնից առաջ նրանք մտել էին գրախանութ)։ Այդ ժամանակ վաճառողուհին այլայլվեց․ այլայլվեց այն աստիճան, որ մարդկայնորեն ես էլ վատ զգացի, ու շատ տհաճ իրավիճակ գոյացավ…
Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանում տարածված բոլոր միֆերին ծանոթ էի, սակայն դրանց տարածվածության չափը ու շրջանակը և դրանց հավատալու աստիճանն էին հետաքրքիր։ Մինչ այդ ես մտածում էի, որ դրանք միֆեր են, որոնք ստեղծվում են ստորին խավի համար։ Պարզվեց, որ դա այնքան է տիրաժավորվել, ինչպես նաև սերունդ է փոխվել, որ անգամ Իլհամ Ալիևը, որ ի տարբերություն հոր՝ «կենդանի» հայերի հետ երբեք չի շփվել, նույնպես հավատում է շատ միֆերի։ Միֆի համար ամենաբարենպաստ դաշտն օբյեկտիվ ինֆորմացիայի վակուումն ու բացակայությունն է։ Եթե չկա շփում, շատ մեծ հետազոտական ջանք պետք է գործադրել, իրականությունն օբյեկտիվ հասկանալու համար։
Ղարաբաղյան կարգավորման հարցում մեր անզիջում կամ հաստատակամ դիրքորոշման մեջ սփյուռքի ներգրավվածության ու ազդեցության մասին շատ մեծ միֆ կար, որ իբր սփյուռքով է պայմանավորված մեր դիրքորոշումը։ Ադրբեջանում գրեթե բոլորն անխտիր հավատացած են, որ Ղարաբաղն իրենցն է, այդտեղից արդեն իրենց մոտ հարց է առաջանում, որը պատասխանի կարիք ունի, թե ինչու են հայերը պայքարում Ղարաբաղի համար, եթե այն հայերինը չէ, այլ իրենցն է, այդ պատճառով էլ՝ մաթեմատիկայի լեզվով ասած՝ նոր անհայտ են ներմուծում հավասարման մեջ՝ հանձին սփյուռքի։
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ օբյեկտիվ պատկերացում չկա նախ՝ շփման բացակայության պատճառով, երկրորդ՝ ադրբեջանական հումանիտար գիտությունները, վերլուծական, քաղաքական միտքը համաշխարհային զարգացվածության մակարդակի չեն, որ առանց մեզ հետ շփվելու, տեղում նստած կարողանան վերլուծել։
— Հետաքրքիր է տեղեկագրքի շապիկի ընտրությունը, եթե չեմ սխալվում այս լուսանկարը Դուք եք արել Ադրբեջանում։ Ինչո՞ւ հենց այս լուսանկարն ընտրեցիք Ձեր՝ այնտեղ արած բազմաթիվ լուսանկարներից, ո՞րն է դրա հիմնական ասելիքը։
Այո՛, լուսանկարը ես եմ արել Բաքվի հին քաղաքում։ Այն ունի հետաքրքիր սիմվոլիկա, ցույց է տալիս ուղղություններ՝ աջ, ձախ, գրված են ամենատարբեր նշանակության՝ աշխարհիկ, հոգևոր, կենցաղային նշանակության շինությունների, ենթակառուցվածների անվանումներ։ Քանի որ տեղեկագիրքն էլ կողմնացույցի նման մի բան է գիտելիքի, ճանաչողության ասպարեզում, ուստի որոշեցինք սա ընտրել։
— Անդրադառնանք նաև Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև պանելային քննարկմանը։ Որո՞նք են այս քննարկման ձևաչափի առավելություններն ու թերությունները և հայկական կողմի այն առանցքային թեզերը, որոնք պետք է հնչեին, բայց չհնչեցին։
Ամեն ինչ կախված է նրանից, թե որ տեսանկյունից ենք դիտարկում մյունխենյան քննարկումը։ Այդ հանդիպմանը նաև երկրների ղեկավարներն էին տարբեր ձևով մոտեցել։ Սա քաղաքական շոու էր, դա էր ձևաչափը, որովհետև իրական դիվանագիտական բանակցությունները բաց չեն լինում։ Այսպիսի շոուներն ունենց իրենց կանոնները, նպատակը, լսարանը և այլն։ Դատելով այն տեքստերից, որ հնչեցին երկուստեք՝ ադրբեջանական կողմը պատրաստված էր եկել հենց շոուի ձևաչափին։ Դժվարանում եմ ասել, թե հայկական կողմն ինչպես էր մոտեցել դրան, ամեն դեպքում տպավորությունն այն չէր, որ հայկական կողմը պատրաստվել էր շոուի ձևաչափին։ Տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը, այսպես կոչված, «մյունխենյան սկզբունքները» հնչեցնելն էր, որը նա փաստացիորեն արեց։ Իսկ եթե շոույի կանոններով նայենք, օրինակ, հակադարձելով Ալիևին՝ Նիկոլ Փաշինյանը կարող էր ասել, որ ինքն էլ է ուզում անդրադառնալ պատմությանը, և պատմություն է նաև վերջին 26 տարին, ուստի հիմնվելով այդ պատմության վրա՝ կարող էր ասել, որ Արցախում բնակվում են հատուկենտ էթնիկ ադրբեջանցիներ, որոնք Արցախի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ են, Արցախը փաստացի, դե-ֆակտո ինքնիշխան իրավական պետություն է, և կարող էր կոչ անել միջազգային հանրությանը ճանաչել այն, համագործակցել նրա հետ և այլն, և սա որպես շոու շատ գեղեցիկ կնայվեր։
Անդրադառնալով «մյունխենյան սկզբունքներին«՝ նախ հասկանալի չէ, թե դա ինչ է։ Նախ՝ պիտի սահմանվի, թե դա ինչ է՝ տեսլական է, հայկական կողմի պաշտոնական բանակցային առաջարկն է, հայեցակարգ է, թե մեկ այլ բան։ Ալիևը հնչեցրեց հակամարտության լուծման իրենց մոտեցումը՝ տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ և նաև ձևը՝ փուլային տարբերակով։
— Հաշվի առնելով, որ հակամարտությունն արդեն ձգվում է 30 տարի, և այդ ընթացքում Արցախում ժողովրդավարության և պետականաշինության ոլորտում արձանագրվել են բազմաթիվ հաջողությունները՝ որքանո՞վ է ընդունելի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը, որին կողմնակից է Ադրբեջանը, և Փաշինյանն էլ առաջ քաշեց «միկրո- մակրո — և մինի հեղափոխություններով» և «ճեղքումով» հակամարտությունը կարգավորելու հարցը։
Իմ տպավորությամբ «միկոհեղափոխությունը», «մակրոհեղափոխությունը» և «ճեղքումը» հակամարտության շուրջ բովանդակային բանակցությունները ձգձգելու ձև են։ Իսկ հակամարտության լուծման հայտնի ուղերձը, որ լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին, դիսկուրսի առումով բավականին լիբերալ տարրեր ունի իր մեջ։ Դա, ինչպես նաև հեղափոխական տերմինաբանության շահարկումը բխում են հայկական ներքին իրողություններից, սակայն դրանց հիմնական էությունը բովանդակային բանակցային գործընթացը ձգձգելն է։
— Ադրբեջանի դեմ պայքարում ենք ոչ միայն մարտի դաշտում, սահմանին, այլև քարոզչական դաշտում։ Ինչպե՞ս առավել արդյունավետ պայքարել, ի՞նչ գործիքներով ու մեթոդներով։
Սա էլ է բազմաշերտ հարց։ Ադրբեջանի դեմ պայքարի մի քանի ասպարեզ կա։
1․ Ադրբեջանական տեղեկատվական հարձակումներից մեր բնակչությանը պաշտպանելու խնդիրը, հատկապես՝ ինչ-որ լարվածության, առավել ևս՝ մարտական գործողությունների ժամանակ։ Սա համակարգային խնդիր է և բնակչության ընդհանուր մեդիագրագիտության հարցին է առնչվում։ Եթե տարիների ընթացքում կրթության միջոցով մեդիագրագիտությանն առնչվող խնդիրը չի լուծվում, ապա գոնե ճգնաժամային պահերին վստահելի պետական աղբյուրներ պետք է լինեն՝ լինի դա մի անձ, գերատեսչություն և այլն, որոնք բնակչությանը օբյեկտիվ տեղեկատվություն կհասցնեն, և որոնց բնակչությունը կվստահի։
2․ Եթե անդրադառնանք այն հարցին, թե մենք ինչպես ազդենք Ադրբեջանի բնակչության վրա, ապա սա բարդ հարց է։ Հայի կերպարն Ադրբեջանում բավականին դեհումանիզացված է, մենք հաճախ խոսում ենք հայատյացությունից, բայց իրականում բավականին տարբեր են ատելությունն ու դեհումանիզացիան։ Դեհումանիզացիան շատ ավելի վտանգավոր երևույթ է, քանի որ այդ դեպքում դիմացինին մարդ չես համարում։ Այս դեպքում շատ ավելի բարդ է ազդել ադրբեջանական լսարանի վրա։
Թերևս պետք է հասկանալ, թե այդ երկրում ընդդիմադիր կամ քարոզչական դաշտում ինչ թեզեր կան և դրանց կապիտալիզացիայի վրա աշխատել։
3․Ինչպե՞ս հակազդել Ադրբեջանին միջազգային քարոզչական դաշտում։ Այս հարցում ասածներս տեսական դիտարկումների վրա են հիմնված, քանի որ խորհրդարանական դիվանագիտության, միջազգային գործընկերների, հասարակական կազմակերպությունների հետ լայն առնչություններ չեմ ունեցել։ Մի բան կասեմ, որ շատ քիչ է կարևորվում․ այս հարցում, իմ կարծիքով, շատ մեծ դեր ունեն մարդկային կապերն ու մարդկային ցանցը։ Կարող ես հատորներով գրքեր գրել տարբեր լեզուներով, սակայն այսօր մարդիկ շատ քիչ են գիրք կարդում։ Այն թիրախային լսարանը, որի վրա աշխատում ես, դժվար թե կարդա գրքեր այն մասին, որ մենք միջազգային իրավունքի հումանիտար նորմերից ելնելով ենք զբաղեցրել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքները։
Մարդկային կապերի կարևորության կոնտեքստում դիտարկենք օրինակ Ցվետանա Պասկալևայի դեպքը։ Գրեթե կասկած չունեմ, որ եթե նա առաջինը հայտնվեր ադրբեջանական կողմում և լսեր արդարության, ճշմարտության վերաբերյալ ադրբեջանական կողմի տեսակետը, ապա ֆիլմեր կպատրաստեր ադրբեջանցի զոհվածների, զինծառայողների մասին և կլիներ ադրբեջանական հայրենասեր, սակայն այժմ նա մեզ համար շատ կարևոր աշխատանք է անում։
Օրինակ՝ Ադրբեջանում Հեյդար Ալիևի հիմնադրամի շուրջ կարողանում են այդ կապերը ստեղծել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա այդպիսի ցանցեր նախկինում էլ, ենթադրում եմ, որ հիմա էլ կան։ Ադրբեջանի դեպքում պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք ավտորիտար ռեժիմի հետ․ երկար ժամանակ լինելով այս պաշտոնում՝ երկրի ղեկավարը կարողանում է այդ կապերը պահել։ Մեր դեպքում իշխանափոխության պայմաններում, երբ նոր անձեր են գալիս իշխանության, նոր իշխանություններն այդ կապերը պետք է այնպես կառուցեն, որ քիչ թե շատ ինստիտուցիոնալ հիմքի վրա դնեն դրանք, որ օրինակ իրենցից հետո եկող իշխանությունները ստիպված չլինեն ամեն ինչ զրոյից սկսել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







