Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:20

Այս պայմաններում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան սովորական պայմաններում․ Աբրահամյան

Համաձայն ռազմական համագործակցության մասին համաձայնագրի տարեկան պլանի՝ Ադրբեջանում այսօր մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ երկու երկրների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի մասնակցությամբ։

Ծրագրի համաձայն՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Կյուրդամիրում և Եվլախում, իսկ ցամաքային զորքերի ներգրավմամբ զորավարժությունները կանցկացվեն օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Դրան նախորդել էին հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքները, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։

Բազմաթիվ փորձագետներ մտահոգություն էին արտահայտել, որ զորավարժություններն անցկացվում են տավուշյան դեպքերից անմիջապես հետո, որոնց ընթացքում Թուրքիան հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների, դրանից բխող հնարավոր ռիսկերի և Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության մասին Armenia Today-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

-Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ, օրեր առաջ մեկնարկեցին նաև հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ։ Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ Թուրքիան ու Ադրբեջանը որոշեցին հենց այս էտապում գնալ զորավարժությունների։

-Չեմ համարում, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն արձագանքն էին հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներին։ Ադրբեջանը տարվա ընթացքում, որպես կանոն, մի քանի անգամ տարբեր մասշտաբների զորավարժություններ է ունենում՝ այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ։ Այս զորավարժությունների պարագայում խնդիրն այն է, որ վերջին՝ տավուշյան մարտական գործողություններից հետո, երբ իրավիճակն ամբողջությամբ դեռևս չի հանգուցալուծվել, այս կոնտեքստում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան սովորական պայմաններում, երբ դրանք անցկացվում էին։
Պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Թուրքիան հուլիսյան օրերին բավական ակտիվ էր ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև անթաքույց խոսում էր Ադրբեջանին ուղիղ աջակցության և իր ներգրավվածության մասին, և այս պարագայում ևս այս զորավարժություններն այլ երանգ են ստանում։

Ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել, որ զորավարժությունների անցկացումն այս տարածաշրջանում, որտեղ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոշակի ռիսկներ ու սպառնալիքներ են պարունակում և նոր ուժ հաղորդում առկա լարվածությանը։

-Ի՞նչ հիմնական ռիսկեր են պարունակում այս զորավարժությունները։

-Դրանք կարող են լինել սադրանքներ, կարող են լինել մարտական գործողություններ որևէ լոկալ ուղղությամբ, ինչպես, օրինակ, Տավուշում։ Այս պարագայում լարվածության մեծանալու դինամիկա կա, և հատկապես այս օրերին մեր զինված ուժերի աջալրջությունը շատ ավելի բարձր պետք է լինի։

-Թուրքիան ու Ադրբեջանը նախկինում էլ հանդես են եկել պլանային համատեղ զորավարժություններով։ Այս պահին ունեցած տեղեկություններով՝ այս զորավարժությունները նախորդներից ինչո՞վ են տարբերվում։

-Թուրքիայից բերվող զինտեխնիկայի մասով դեռևս ամբողջական տեղեկատվություն չկա, կան կադրեր, որտեղ երևում են որոշ տեխնիկական միջոցներ, ՌԷՊ համակարգեր, ինչպես նաև ավտոբուսներով տեղափոխվող զինծառայողներ, այնուհանդերձ հստակ չափի ու քանակի մասին դեռևս տեղեկատվություն չկա։

Դեռևս հստակություն չկա նաև Ադրբեջանի զինտեխնիկայի ու մարդկային ներուժի ներգրավվածության մասին․ նշվում են զորատեսակները, ուղղությունները, բայց կոնկրետ զինտեխնիկայի քանակի ու մարդկային ռեսուրսի մասնակցության մասին հստակ տեղեկատվություն չկա, ուստի ամբողջական վերլուծություն մի փոքր դժվար է անել մասշտաբները հասկանալու համար։

Այնուամենայնիվ, ինքնին այս փաստն արդեն ադրբեջանական ու թուրքական տեղեկատվական-քարոզչական դաշտում բավական մեծ արձագանք է գտել, և նպատակներից մեկն անկասկած դա է եղել անշուշտ. լարվածություն փոխանցելու նաև սահմանին։

-Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ որտեղից էլ սպառնան Ադրբեջանին՝ Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին։ Թուրքիայի ծավալապաշտական հայտարարությունները, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում վերջինիս գործողությունները, ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Թուրքիան խնդիր ունի մեր տարածաշրջանում մեծացնելու իր ազդեցությունը, իսկ այդ ճանապարհին իր ամենամեծ խոչընդոտը Հայաստանն է։

Այս տարածաշրջանում կան այլ խաղացողներ, հատկապես Իրանն ու Ռուսաստանը, որոնք ևս ամեն գնով փորձում են չեզոքացնել Թուրքիայի հնարավոր ազդեցությունը մեր տարածաշրջանում, և դա առաջին հերթին թելադրվում է իրենց իսկ շահերով։ Թուրքիայի ծավալման կամ ազդեցության զոնայի մեծացմանն ուղղված գործողությունները տարբեր կողմերից դիմադրության են հանդիպում։

Մեծ առումով, Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում իր ազդեցության մեծացման քաղաքականությունը նոր չէ․ արտահայտվել է տարբեր փուլերում նաև 1990-ական թվականների սկզբին։ Այս առումով կարծես թե անսպասելի ոչինչ դեռևս չի եղել․ ըստ էության թուրք պաշտոնյաները հաստատել են այն, ինչը տարբեր փուլերում հնչեցրել են։

-Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ զորավարժությունները միտված են երկու երկրների զինված ուժերի միջև համակարգման և առաջավոր փորձի փոխանակման ուժեղացմանը և նպաստում են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։ Ո՞ր լսարանին է ուղղված և ի՞նչ նպատակ ունի, եթե հաշվի առնենք, որ այդ հայտարարությանը նախորդել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանա-թուրքական զորավարժություններ անցկացնելու Բաքվի որոշումը խոչընդոտում է միջազգային միջնորդների կողմից խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված ջանքերը:

-Մեծ առումով, Ադրբեջանը չէր էլ ասելու, որ այս գործողությունները նպատակ ունեն Հայաստանի դեմ լայնածավալ գործոցություններ սկսելու։ Բնականաբար, դրանք պետք է քողարկվեն տարբեր բարի, խաղաղ լոզուգների ներքո, ինչը և արել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Վարդուհի Մկրտչյան

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+