ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրեր առաջ հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը: Այն պահանջում է թափանցիկության ապահովում Պենտագոնի օտարերկրյա օգնության և հատկացումների ծրագրերի համար:
Նշվում է, որ բանաձևում Ադրբեջան բառը չկա, բայց այն ամբողջությամբ վերաբերելու է նաև ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին:
Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովը 2021 թ. Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում մեկ այլ բանաձև էր ներառել, որը վերաբերում է Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակին։ Բանաձևը ներկայացվել է Կոնգրեսի թուրքական հարցերի հանձնախմբի համանախագահներ Սթիվ Շաբոթի և Սթիվեն Քոենի կողմից:
Փորձագետները նշում են, որ այս բանաձևը ոչ միայն հակահայկական է, այլև՝ հակառուսական։
ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող պրոհայկական և պրոադրբեջանական բանաձևերի քննարկման, պրոադրբեջանական բանաձևին հայկական կողմի հակազդեցության և դրա հնարավոր չեզոքացման ու Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հակահայկական բանաձևի հնարավոր ազդեցության մասին Armenia Today-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
-Պարո՛ն Սարգսյան, բանաձևերն ինչո՞ւ միաժամանակ դրվեցին քննարկման և ի՞նչ կասեք ժամանակահատվածի ընտրության առումով․ արդյոք այն որևէ աղերս ունի՞ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանային սրացումների հետ։
-Այդ բանաձևերը որևէ աղերս չունեն սահմանային սրացումների հետ, որովհետև բանաձևերը շրջանառության մեջ դրվել են շատ ավելի վաղ, և յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում Միացյալ Նահանգներում բյուջետային լսումներ են, հետևաբար հենց այս ժամանակ բոլոր այն օրենքները, որոնք վերաբերում են բյուջետային ծախսերին, քննարկվում են Ներկայացուցիչների պալատում, հետո ուղարկվում են Սենատ և Սենատում ընդունվելուց հետո ուղարկվում նախագահի ստորագրմանը։
Այս բանաձևերը հենց 2021 թ. Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքի մեջ ներառված բանաձևեր են, խոսքը գնում է նույն օրենքի լրացումների մասին և այդ լրացումներն էլ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում և ուղարկվել Սենատ։
-Պրոադրբեջանական բանաձևում առաջ են քաշվում Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների կարգավիճակի հարցը։ Հաշվի առնելով, որ այս երկրները ՎՈՒԱՄ-ի անդամ են, բացի թուրքական ու ադրբեջանական լոբբից մյուս երկրների լոբբիստական խմբերն ի՞նչ հնարավոր ազդեցություն են ունեցել։ Ինչո՞ւ հակահայկական ու հակառուսական շեշտադրմամբ բանաձևը միաժամանակ մեկ ուղղմամբ ներկայացվեց։
-Այս բանաձևը նախաձեռնվել է բացառապես Ադրբեջանի կողմից, ֆինանսավորվել է Ադրբեջանի դեսպանության կողմից, որպեսզի ադրբեջանական լոբբիստներն այն առաջ մղեն ու դարձնեն օրենք։
Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ հիմա Միացյալ Նահանգներում կան բավականին ընդգծված հակառուսական տրամադրություններ թե՛ Ուկրաինայի, թե՛ Վրաստանի, թե՛ Մոլդովայի մասով, և որպեսզի այս բանաձևի անցնելու հավանականությունն ավելի մեծ լինի, հակառուսական շղարշ են տվել, որով Ադրբեջանը կարծում է, որ ավելի շուտ կհասնեն այդ բանաձևի ընդունմանը թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի կողմից։
-Հակահայկական ու հակաադրբեջանական բանաձևերը Սենատում կքննարկվեն հոկտեմբերին։ Մինչ այդ հայկական լոբբին ու դիվանագիտությունն ի՞նչ մեխանիզմներով ու մեթոդներով կարող են չեզոքացնել հակահայկական բանաձևը։
— Այս մասով ուղիղ աշխատանք է անհրաժեշտ սենատորների հետ։ Սենատորների հետ ուղիղ աշխատելու հնարավորություն ունեն հայկական լոբբիստական ու նահանգային կառույցները, ինչպես նաև ԱՄՆ-ի հայ համայնքը, որոնք ընտրել են այդ սենատորներին, և հենց նրանց ակտիվ մասնակցությամբ պետք է հասնել նրան, որպեսզի այս բանաձևը մինչև Սենատ հասնելը խմբագրվի կամ հենց Սենատում խմբագրվի։
Ինչևէ, աշխատանքի հիմնական բեռն այս պահի դրությամբ ընկած է հենց լոբբիստների վրա։
-Հայ դատի հանձնախումբն էլ էր հայտարարություն տարածել, որ աշխատում են բանաձևի վերախմբագրումների ուղղությամբ։ Ի՞նչ ակնկալել այս մասով։
-Իրականում բարդ է լինելու վերաձևակերպումներ անելն ու փոփոխելը, քանի որ ակտիվ աշխատանք են տանելու նաև ադրբեջանցի լոբբիստները, բայց հույս ունեմ, որ հայ լոբբիստներին դա կհաջողվի։
Արդեն նշեցի, որ Ադրբեջանը բավական մեծ միջոցներ է ծախսում լոբբիստների գործունեությունը ֆինանսավորելու համար և իր շահերն առաջ մղելու համար։
Առավել կարևոր կլինի, և ես կողմնակից կլինեմ, որ այս բանաձևն ընդհանրապես հանվի օրենքի նախագծից, քան դրանում խմբագրական աշխատանքներ տարվեն, որովհետև դրանք դառնալու են նախադեպեր և օգտագործվելու են այլ փաստաթղթերում։ Դա նախադեպ է դառնալու հենց Միացյալ Նահագների ներպետական իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև միջազգային ատյանների կողմից կարող է ինչ-որ առումով դառնալ նախադեպ։
-Հակահայկական բանաձևն ընդունման դեպքում ի՞նչ ազդեցություն կունենան Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի վրա։
-Չեմ կարծում, որ դա ուղիղ ազդեցություն կունենա հենց բանակցությունների վրա, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում բանակցային գործընթացը, իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ այլևս չեն ուզում բանակցություններ վարել։
Որքան էլ բանակցությունները որևէ տեղ չեն տանում, այնուամենայնիվ բանակցային խողովակը պետք է բաց մնա։ Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը մի ձեռքով կարող է բանակցել, իսկ մյուս ձեռքով՝ հարձակում գործել։ Այնպես որ, պետք է մշտապես պատրաստ լինել ցանկացած զարգացումների։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







