Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական ռազմատենչ հայտարարությամբ հանդես էր եկել, ինչին հաջորդեցին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի սպառնալից հայտարարությունները։
Իլհամ Ալիևը կրկին հայտարարել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականագնելու մասին՝ բերելով 2016 և 2018 թվականների հաջող ռազմական գործողությունների օրինակը։ Ալիևը տարածքային ամբողջականության վերականգնման համար կարևորել է իր երկրի ռազմական հզորությունը, հակամարտության հետ կապված միջազգային կազմակերպությունների կողմից ցուցաբերվող դիրքորոշումը և այլն։ Հասանովն էլ խոստովանել է, որ 2016 թվականի ապրիլյան քառօրյան սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իր երկրի օկուպացված տարածքներն ազատագրելու համար կօգտվի ուժի կիրառման իրավունքից՝ նշելով, որ հակառակորդի հետ պետք է խոսել միայն զենքի լեզվով։
Արցախյան հակամարտության շուրջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հռետորաբանության կոշտացման ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարության մասին Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։
-Պարոն Մինասյան, վերջին շրջանում նկատում ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանդես է գալիս բավականին կոշտ հայտարարություններով։ Որո՞նք են Ադրբեջանի հռետորաբանության կոշտացման պատճառները։
-Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի գործոնների հետ, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բավականին կարևոր է։ Նախևառաջ այս հայտարարությունները պետք է դիտարկել որպես ուժի սպառնալիքի կիրառում։ Գաղտնիք չէ, որ չունենալով ցանկալի իրավիճակ բանակցային սեղանին՝ Ադրբեջանը պարբերաբար գործի է դնում ուժի սպառնալիքը՝ փորձելով պատերազմ չսկսկելը «ծախել» հայկական կողմին՝ որպես զիջում՝ դրա դիմաց ակնկալելով միակողմանի զիջումներ բանակցային սեղանին։
Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ուժի սպառնալիքի դիրքերից հայկական կողմի հետ չարժե խոսել։ Ավելին՝ հստակ արձանագրվել է, որ նման հռետորաբանությունը միմիայն խաթարում է բանակցային գործընթացը և որևէ ձևով ակնկալել, որ Հայաստանը կգնա միակողմանի զիջումների, հնարավոր չէ։
Այնուամենայնիվ, Ադրբեջանի այս գործելաոճը շարունակվում է. ուժի սպառնալիքը պարբերաբար օգտագործվում է․ մի կողմից փորձ է արվում ճնշում գործադրել հայկական կողմի վրա, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, համանախագահներին հիշեցնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու մասին։ Հաշվի առնելով վերջին շրջանի իրադրաձություններն ու զարգացումները, երբ բոլոր երկրների ուշադրությունը կենտրոնացած է այլ թեմաների վրա՝ կարծես թե Ղարաբաղյան հակամարտության նկատմամբ այդքան էլ մեծ ուշադրություն չկա, հետևաբար նման կերպ Ալիևը նպատակ ունի ուշադրություն հրավիրել այս գործընթացին։
Մեկ այլ գործոն, որը պակաս կարևոր չէ, դա Ադրբեջանի սոցիալ-տնտեսական խնդիրներն են։ Ինչպես հայտնի է, միջազգային էներգետիկ շուկաներում բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, և նախորդ ամիս ադրբեջանական նավթն արձանագրեց պատմական ռեկորդ։ Թեև վերջին մեկ ամսում գները որոշակիորեն բարձրացել են, սակայն տարեսկզբի գներին չեն հասել և այն մակարդակին չեն հասել, որ նավթագազային ոլորտից Ադրբեջանն ունենա բավարար չափով եկամուտներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նավթագազային սեկտորը բավական լուրջ նշանակություն ունի Ադրբեջանի բյուջետային մուտքների համար՝ Ադրբեջանն ինչ-որ առումով զրկվել է որոշակի բյուջետային մուտքերից, ինչ էլ հանգեցնում է ազգային արժույթի որոշակի արժեզրկման, ինֆլյացիայի, որոշակի գնաճի։ Այսինքն, տնտեսության մեջ շղթայաբար զգացվում է դրա հետևանքները։
Զուհագեռաբար, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Ադրբեջանի կառավարությունն այս փուլում ստիպված է ավելի մեծ միջոցներ ծախսել տարաբնույթ սոցիալ-տնտեսական միջոցառումների վրա։ Հետևաբար, մի կողմից ունենալով փոքրացած սոցիալ-տնտեսական մուտքներ, մյուս կողմից ստիպված լինելով ծախսել համեմատաբար ավելի մեծ միջոցներ՝ Ադրբեջանի ղեկավարությունը եկել է այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել որոշակի սոցիալական դժգոհության, ինչին մենք պարբերաբար ականատես ենք լինում։
Հնարավոր սոցիալական դժգոհությունը կանխելու նպատակով, բնականաբար, կարիք կա հնարավորինս բորբոքել թշնամու կերպարը, բայցի այդ գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանում բավական լուրջ կոնսոլիդացնող գործոն է։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանում սոցիալական հնարավոր դժգոհության որոշակի մտավախություն կա, դրա մասին է վկայում նաև այն, որ կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն մտցնելուց հետո ադրբեջանական իշխանությունները մի քանի անգամ մեծացրել են ընդդիմության նկատմամբ ճնշումները և տարաբնույթ պատրվակներով, օրինակ՝ սահմանված կարգը խախտելու համար, բավականին լուրջ հետապնդումների են ենթարկում ադրբեջանցի ընդդիմադիրներին, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ ալիևյան կլանը փորձում է կանխել այդ ուղղությամբ հնարավոր ցանկացած զարգացում։
-Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններից հետո Զաքիր Հասանովը հանդես է գալիս ռազմատենչ հայտարարությունների շարքով՝ նշելով, որ հակառակորդի հետ պետք է խոսել միայն զենքի լեզվով։ Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում հնարավոր էսկալացիայի ռիսկերը, և ինչպիսի՞ն պետք է լինի հայկական կողմի գործողությունները։
-Ռազմական գործողությունների հավանականությունը միշտ եղել է, կա և կլինի, քանի դեռ կոնֆլիկտը կա։ Ադրբեջանի ղեկավարությունը երբեք չի հրաժարվել հիմնախնդրի լուծման ռազմական սցենարից, հետևաբար Ադրբեջանը փորձում է զարգացնել իր ռազմական կարողություններն իր նպատակին հասնելու համար, և նույն զորավարժությունները կամ Զաքիր Հասանովի հայտարարությունները տեղավորվում են այդ տրամաբանության շրջանակներում։ Շատ պարզ է, որ հայկական կողմը ձեռքերը ծալած չի նստում․ հայկական կողմը վերջին շրջանում անցկացրեց լայնածավալ զորավարժություններ, ավելի՝ հայկական կողմը շարունակում է ձեռք բերել ժամանակակից զինատեսակներ։
Միևնույն ժամանակ, կարևոր է այն հանգամանքը, որ հայկական կողմը միայն պաշտպանվողի դերում չէ։ Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի կողմից դեռ երկու տարի առաջ հնչեց հայտարարություն, որ Ադրբեջանի կողմից ցանկացած արկածախնդրության դեպքում հայկական կողմը պատրաստ է ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։
Ադրբեջանի վերջին զորավարժությունները բավականին լուրջ խախտումներ էին պարունակում, քանի որ դրա վերաբերյալ ծանոցում չէր եղել, ընտրված ժամանակահատվածը բավականին տարօրինակ էր, որովհետև ողջ տարածաշրջանը, ողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ, հնչում են գլոբալ հրադադարի կոչեր։ Այս պայմաններում Ադրբեջանը գնում է բացահայտ սադրանքի, ուժի ցուցադրության ու սպառնալիքի։ Ադրբեջանի նման ոչ կառուցողական վարվելակերպը չէր վրիպել հայկական կողմի ուշադրությունից, և պաշտպանության նախարարության մակարդակով բավական հստակ նախազգուշացում արվեց Ադրբեջանին, որ զորավարժությունների ընթացքում ցանկացած գործողություն, որը կդիտարկվի որպես սադրանք, հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել պատասխան քայլեր, ինչը, կարծում եմ, որոշակիորեն սթափեցնող էր Բաքվի համար։
-Օրեր առաջ Շուշիում տեղի ունեցավ Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը, որը բավականին մեծ արձագանք գտավ Բաքվում։ Դրանից հետո Արայիկ Հարությունյանը, արձագանքելով Ալիևի հայտարարությանը, կոչ արեց ուժի լեզվով երբևէ չհամարձակվել խոսել Արցախի հետ, հակառակ դեպքում դա լուրջ հետևանքներ կունենա առաջին հերթին Ադրբեջանի համար։ Ինչպե՞ս կգնահատեք Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը, Ադրբեջանն ինչպե՞ս կարձագանքի։
-Բնականաբար, Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումը բավական խորհրդանշական էր, միաժամանակ, բավական ցավոտ էր Ադրբեջանի համար․ սոցիալական ցանցերում, ադրբեջանական ԶԼՄ-ներում նկատելի էր որոշակի հանրային դժգողություն տվյալ իրադարձության հետ կապված։
Արայիկ Հարությունյանի պատասխանն Ալիևի հոխորտանքներին հստակ մեսիջներ էր պարունակում՝ ուղղված թե՛ ադրբեջանական կողմին, թե՛ համանախագահներին։ ԱՀ նախագահի կողմից արված շեշտադրումները բավականին կարևոր են, որովհետև հակամարտության շրջանակներում Արցախը հիմնական կողմերից մեկն է և բավական կարևոր է, որ Արցախը տարբեր հարցերի, բանակցային գործընթացի վերաբերյալ հնչեցնի իր դիրքորոշումները, դրանք արվի ոչ միայն համանախագահների հետ հանդիպումների շրջանակներում, երբ նրանք այցելում են տարածաշրջան, այլև՝ հրապարակային, որպեսզի այդ մոտեցումները հասնեն միջազգային հանրությանը, Ադրբեջանի հանրությանը, որպեսզի հստակ պատկերացնեն, թե ինչ մոտեցումներ ունի արցախցին, Արցախի իշխանությունները։
Ինչ վերաբերում է ԱՀ նախագահի հայտարարությունների մասով Ադրբեջանի գործողություններին, ապա նման հայտարարություններն Ադրբեջանում հաշվի են առնում։ Կարծում եմ, նույն ադրբեջանական կողմը, ռազմական սցենարները պլանավորելիս, հաշվի է առնում շատ ավելի մեծ թվով գործոններ՝ սեփական կարողությունները, հայկական կողմի կարողությունները, աշխարհաքաղաքական իրադրությունը և այլն։ Այն պահին, երբ Ադրբեջանը հասկանա, որ կարող է առավելության հասնել, չեմ կարծում, որ տարաբնույթ հայտարարություններ նրան զսպեն։
Այնուամենայնիվ, մեր խնդիրն է հնարավորինս քայլեր ձեռնարկել մեր պատրաստության մակարդակը բարձրացնելու համար և հասնելու նրան, որ Ադրբեջանը երբեք վստահություն չունենա հաղթանակի հասնելու իր կարողության մեջ։
Վարդուհի Մկրտչյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







