Նուբարաշենի աղբավայրում օգոստոսի 9-ից սկսած՝ հրդեհաշիջման և հողալցման աշխատանքները շարունակվում են, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության արտաքին հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։
Սիմոնյանը նշել է, որ հրդեհաշիջման աշխատանքներին մինչ այս պահը ներգրավվել են Երևանի փրկարար վարչության հրշեջ փրկարար ջոկատներից 19 մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
«Դեպքի վայրում մինչև այս պահն աշխատել է 79 փրկարարական ծառայող։ Հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել տնտեսական աղբի մոտ 5 հեկտար տարածքում, որի ընթացքում փրկարար ծառայության աշատակիցների կողմից օգտագործվել է 1062 տոննա ջուր, իրականացվել է հողալցում»,- մանրամասնել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից հավելել են, որ աշխատանքներին ներգրավված են նաև Երևանի քաղաքապետարանի 39 բեռնատար, 1 տրակտոր, 20 ջրատար։
Նուբարաշենի աղբավայրում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 8-ի գիշերվանից։ Օգոտսոսի 10-ի դրությամբ հրդեհաշիջման աշխտանանքերին մասնակցում էր 6 մարտական հաշվարկ, 30 փրկարարական ծառայող։ Նշենք, որ հրդեհից առաջացած ծուխը դեռ տեսանելի է հատկապես Նուբարաշեն և Էրեբունի համայնքներում։ Բնակիչներն ահազանգել էին, որ համայնքներում դեռ այրված աղբի հոտ է գալիս, և շատերը ստիպված շոգին փակել են բնակարանների պատուհանները։






































