Երևանի Բագրատունյաց պողոտայում օգոստոսի 30-ին հինգերորդ հարկի պատշգամբը փլուզվել է չորրորդ հարկի պատշգամբի վրա, կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ երկու մարդ՝ Երևանի բնակիչներ 20-ամյա Օվսաննա Ա.-ն և 41-ամյա Տաթև Ս.-ն, տեղափոխվել են հիվանդանոց։
Ըստ աղբյուրի՝ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ-ում ստացել են ժամը 09։05-ի սահմաններում։ Դեպքի վայրում պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի 10 հասցեում գտնվող թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա։
Փրկարարներն ավտոսանդուղքի օգնությամբ տուժածներին բարձրացրել են թիվ 62 բնակարան, ապա նրանք տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Շենքի բնակիչները լրատվամիջոցին հայտնել են, որ պատշգամբների վատ վիճակի խնդրով բազմիցս դիմել են Շենգավիթի թաղապետարան։ Նրանց խոսքով՝ պատշգամբները հիմնանորոգելու փոխարեն իրականացվել են միայն արտաքին հարդարման աշխատանքներ։
«Բազմիցս դիմել ենք թաղապետարան։ Միայն գալիս, նայում են ու ասում, թե մի բան կանեն»,- պատմել են բնակիչները՝ նշելով, որ խնդիրը երկար ժամանակ չի լուծվել։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել։
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել։
Թարմացված է՝ 30.08.2026 | 13։40
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







