Հայ նկարիչ և հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Մասնագիտական կրթություն ստացել է նախ Վանի Փորթուգալյան վարժարանում, այնուհետև` 1895 թ., Պետերբուրգի Գեղարվեստից ակադեմիայում: Այս տարիներին տաղանդավոր նկարիչը հարել է Արմենական կուսակցությանը։ 1913 թ. Թերլեմեզյանը երեք աշխատանք է ուղարկում Մյունխենի ցուցահանդես և արժանանում ոսկե մեդալի: 1914 թ. գարնանը նկարիչը ուղևորվում է Վան, վրձնում տեղի բնապատկերները:
Սկսվում է Առաջին աշխարհամարտը: Այդ օրհասական օրերին Թերլեմեզյանն իր ժողովրդի կողքին է, ակտիվորեն մասնակցում է Վան-Վասպուրականի ինքնապաշտպանությանը: Սա ևս մեկ անգամ փաստում է արվեստագետի հայրենասեր հոգու մասին, ով ոչ միայն իր ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի պատկերներն անմահացնելուն, այլև մասնակցություն ունեցավ հողի և հայրենիքի պաշտպանական մարտերին։
Փանոս Թերլեմեզյանը հիմնականում նկարել է բնապատկերներ, նատյուրմորտներ և դիմանկարներ։ Հայտնի է նրա վրձնած Կոմիտասի դիմանկարը, որն արվել է Կոմիտասի ծննդավայրում, ուր 1912 թվականին գնացել էին Թերլեմեզյանը և Կոմիտասը։
1932 թ. Թերլեմեզյանը դարձել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։
Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։
Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



