Պաշտոնական Բաքվի հայտարարությունները մտահոգիչ են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը պետք է քննարկվի ՀԱՊԿ ձևաչափով։
Այս մասին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է: Նա ընդգծել է, որ պետք է բարելավել ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները։
Վարչապետի խոսքով՝ կազմակերպությունում նշվածի համար նախատեսված իրավական բազա կա: Փաշինյանը նշել է, որ 2010թ. դեկտեմբերին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդն ընդունել է ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման կարգի մասին դրույթը: Նա կարծիք է հայտնել, որ այս փաստաթուղթը հասկանալի ձևակերպում է կազմակերպությունում առկա մեխանիզմները։
Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նշված փաստաթղթում գոյություն ունի նաև ՀԱՊԿ անդամ պետությունների մասնագետների խմբի մասին հասկացություն, որը ժամանակավորապես ուղարկվում է ճգնաժամային իրավիճակի գոտիներ՝ իրավիճակի մոնիթորինգ անցկացնելու, տեղում գործերի վիճակը որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ ՀԱՊԿ հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով: Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքներով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը:
«Դուք գիտեք, որ անցած տարվա մայիսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են մեր տարածք: Այդ կապակցությամբ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին: Ուզում եմ ընդգծել, որ այս հարցը պետք է ինչպես հարկն է քննարկվի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այդ հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին։ Կարծում եմ, որ և՛ մեզ, և՛ կազմակերպության համար դա շատ սկզբունքային հարց է»,-ասել է կառավարության ղեկավարը։
Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զորքերի՝ Հայաստան ներխուժումից հետո մեկնաբանություններ են հնչել, որ երկրների միջև սահմանազատված և սահմանագծված սահման չկա:
«Սա բավականին վտանգավոր ձևակերպում է, որովհետև մենք ասում ենք՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի։ Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնենք այն սահմանները, որտեղ տեղի են ունեցել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ, ապա դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը։ Որովհետև հարց է առաջանում, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին», -ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Երեւանի դիրքորոշման համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին ԱՊՀ-ի ստեղծման ժամանակ ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որով երկրները երկուստեք ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները:
«Այս իրավիճակի հետադարձ մեկնաբանումը կամ մեկնաբանումը կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը»-ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ինքը բարձրացրել է այդ հարցը և քննարկում է սկսվել։
«Ուզում եմ մեկ անգամ ևս, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, որպեսզի մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպենք այդ հարցը, որովհետև ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն լարված է։ Կարծում եմ, այն հայտարարությունները, որոնք լսվում են Ադրբեջանի պաշտոնական անձանց շուրթերից, մտահոգության տեղիք են տալիս, այս հարցը պետք է քննարկել ՀԱՊԿ ձեւաչափում»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







