Հունիսի 16-ին օրենքի նոր նախագիծ է ներկայացրել Ազգային Ժողով, որով իշխանություններն առաջարկում են զրկել ընտրության իրավունքից ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում նվազագույնը 6 ամիս չեն բնակվել Հայաստանում։
Նախաձեռնությունը հաջորդել է դեռևս ընտրություններից առաջ հնչած հայտարարություններին, թե արտերկրից ՀՀ քաղաքացիներ են ժամանում, այդ թվում՝ ընդդիմությանը սատարելու նպատակով։
Իշխանական պատգամավորները նախաձեռնությունը հիմնավորում են նրանով, որ երկրից բացակայող քաղաքացիները ներգրավված չեն ներհայաստանյան կյանքում, իսկ ընտրությունների արդյունքները պետք է ձևավորվեն միայն երկրում բնակվող քաղաքացիների քվեով։
ՀՀ քաղաքացիների ամենամեծ սփյուռքահայ համայնքները ձևավորվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Տարբեր գնահատականներով՝ Ռուսաստանում բնակվում է 400-600 հազար, ԱՄՆ-ում՝ 70-100 հազար, իսկ Ֆրանսիայում՝ 40-60 հազար ՀՀ քաղաքացի։ Այս տվյալները վկայում են, որ նախագծի ընդունման դեպքում ընտրության իրավունքից կարող են զրկվել հարյուր հազարավոր քաղաքացիներ։
Նախագիծը տարբեր արձագանքներ է առաջացրել հանրության շրջանում։ Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքն նախագծի վերաբերյալ։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել այս նախագծին՝ այն համարելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակում։ Հակառակ կրծիք են հայտնել հարցված քաղաքացիներից քչերը։
«Բոլորն էլ իրավունք ունեն և պետք է ընտրեն, եթե իրենք հայ են և ունեն ՀՀ քաղաքացիություն, որովհետև իրենց պարտականությունն է նաև ընտրության մասնակցելը»,- ասել է քաղաքացին։
Հարցվածներից ոմանց կարծիքով արտերկրում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիների առկայությունը ցույց է տալիս, որ պետությունը չի ապահովել բավարար սոցիալ-տնտեսական պայմաններ նրանց համար, հետևաբար շատերն այդ հնարավորությունը ստիպված են գտնել ՀՀ սահմաններից դուրս։
«Եթե քաղաքացին դուրս է գալիս ուրիշ տեղ աշխատելու, վերադառնում է ընտրությանը մասնակցելու, կարող է նշանակել մի բան՝ պետությունը քաղաքացուն աշխատանքով կամ սոցիալական որևէ այլ իրավունքով ապահովելու պարտավորությունը չի կատարել»,- կարծիք է հայտնել հարցվածներից մեկը։
Հարցված մեկ այլ՝ սփյուռքահայ քաղաքացի դեմ է արտահայտվել քննարկվող նախագծին՝ իր կարծիքը հիմնավորելով սփյուռքում բնակվող քաղաքացիների մեծ թվով և քննադատել է իշխանությանը։
«Պետությունը պետք է նախքան որոշումներ ընդունելը շատ լավ մտածի, թե դրանցից ո՞րն է ի շահ Հայաստանի։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ բնակչության մեծամասնությունը դրսում է ապրում և դա շատ կարևոր է»,- ասել է քաղաքացին։
Մեկ այլ քաղաքացի քննարկվող նախագծից բացի առհասարակ քննադատել է իշխանության գործելաոճը։
«Այս կառավարության քաղաքականությունն է, որ ամեն ինչ իրենցով կարողանան անել, որպեսզի իրենց ամեն ասած օրինականացնեն և սուրբ ձևանան, որ իրենք արդար են, մյուսները՝ ոչ»,- համոզմունք է հայտնել քաղաքացին։
Նոր նախագծի սահմանած չափանիշների և դրա ընդունման հետ համաձայնել են հարցված քաղաքացիներից քչերը՝ կարծիք հայտնելով դրա նպատակահարմարության մասին։
«Ապրելով ուրիշ երկրներում, իրենք տեղեկացված չեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, դրա համար համամիտ եմ, որ պետք է Հայաստանում ապրեն, ծանոթ լինեն տեղի կյանքին, որպօեսզի իրավունք ունենան ընտրելու»,- համոզմունք է հայտնել մ եկ այլ քաղաքացի։
Հարցված որոշ քաղաքացիներ տարբեր պատճառներով և հիմնավորումներվ դժվարացել են կարծիք հայտնել նախագծի վերաբերյալ։
«Այստեղ կա պատասխանատվության և իրավունքի մաս և այդ սահմանները պետք է հստակեցվեն։ Հիմա չունեմ միանշանակ պատասխան»,- ասել է մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















