«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է ապրիլի 11-ին նախանշված հանրահավաքի մանրամասներին։
Նա հայտնել է, որ հանրահավաքի ընթացքում հանրությունը կլսի կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, որը 9 ամիս տևած կալանքից հետո առաջին անգամ անձամբ կդիմի քաղաքացիներին։
Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսին՝ Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանն աջակցելու համար՝ ի հակադրություն Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին փոխարինելու մտադրության մասին հայտարարությունների։
Հանրահավաքի ժամանակ կհրապարակվի կուսակցության ամբողջական ընտրացուցակը, որով քաղաքական ուժը կմասնակցի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախընտրական ցուցակը գլխավորելու է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Սահմանադրագետն անդրադարձել է նաև գործող իշխանության նախաձեռնած Մայր օրենքի փոփոխության պլաններին և «Ուժեղ Հայաստան»-ի առաջարկած նախագծին։ Վերջինս նախատեսում է փոփոխություններ իրականացնել Ընտրական օրենսգրքի 148-րդ հոդվածում, որպեսզի Սամվել Կարապետյանը հնարավորություն ունենա ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը։
Մելոյանը նաև գնահատել է նախընտրական շրջանում հանրային խոսույթի էթիկական կողմը՝ արձանագրելով, որ քաղաքական քննարկումները դարձել են խիստ սուր։ Նա անթույլատրելի է համարել իշխանության ներկայացուցիչների «փողոցային բառապաշարը բարձր ամբիոններից»։ Այս համատեքստում սահմանադրագետը ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության որդեգրած տեսլականը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը։


































