Երևանի Արսեն Ամիրյանի փողոցն այսուհետ կկոչվի Պապ Թագավորի անունով։ Անվանափոխության որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում։
Նախագծի հեղինակները հաշվի են առել Պապ թագավորի դերը հայ ժողովրդի պատմության մեջ։
Դեռևս 2017 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Ելք» խմբակցությունը, որի անդամներից էր նաև Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախաձեռնվել էր Ամիրյան փոխոցը Վռամշապուհ թագավորի անունով վերանվանվելու նախագիծ, ինչը մերժվել էր։
Ամիրյանը հրապարակախոս էր, հարում էր դաշնակցությանը, բոլշևիկ ու հեղափոխական գործիչ էր, Նա Բաքվի 26 կոմիսարներից մեկն էր, որին գնդակահարել էին։
Պապ թագավորը հայտնի է բարեփոխումներով, բայց պատմաբանները նրա մասին հակասական տեղեկություններ են հայտնել։ Պատմագիտական աղբյուրներում Պապ թագավորը հիշատակվում է Հայ Առաքելական եկեղեցու հետ սրված հարաբերություններով։ Ըստ այդ աղբյուրների, նա եկեղեցուց վերցրել է հողերի շուրջ 2/3-ը, հարկել հոգևորականությանը և նրանց մի մասին զորակոչել զինվորական ծառայության։
Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է պարզել, ինչպե՞ս են բնակիչները ու երևանցիները վերաբերվում փողոցի անվանափոխությանը։
Հարցված քաղաքացիների մեծ մասն ասել է, որ դեմ է փողոցի վերանվանմանը։ Նրանցից ոմանք նշել են, որ փողոցների անվանումները փոխելու փոխարեն կան ավելի կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն։
«Քաղաքի իշխանությունն ընդհանրապես ձևի հետևից է ընկել»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մյուսներն ափսոսանք են հայտնել՝ նշելով, որ Ամիրյան փողոցի անվանումը կապված է իրենց մանկության հետ, իսկ մի մասն էլ ասել է, որ անվանափոխությունից իրենց կյանքում ոչինչ չի փոխվի։
«Ամիրյանը մնում է Ամիրյան»,- նշել է քաղաքացին։
Վերանվանմանը կողմ արտահայտված քաղաքացիներից ոմանք նշել են Ամիրյանի բոլշևիկ լինելու հանգամանքը։
«Ի՞նչ առիթ կա բոլշևիկի անունը մնա»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մյուսներն ընդգծել են Պապ թագավորի արժանիքները։
«Գոնե էդպես կիմանան, թե ով է Պապ թագավորը»,- կարծիք է հայտնել քաղաքացին։
Մյուսն ընդգծել է, որ ավելի ուրախ կլինի, եթե հայ թագավորների անունով փողոցներ լինեն։ Հարցվածների մի մասը չեզոք դիրքորոշում է հայտնել։
Մանրամասները՝ տեսանյութում։





































