Գործադիրը օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագրի կնքման նախագծին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծում նշվում է, որ համաձայնագրի նպատակն է ազատականացնել Հայաստանի Հանրապետության և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացները։
Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունն ու փոխշահավետ օգուտները։
Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով Համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները, ասված է նախագծում։
«Մասնավորապես՝ հայկական կողմից էմիրաթական կողմի համար նախատեսվել են արտոնություններ գյուղատնտեսական, որսորդական, անտառտնտեսություններին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտներում գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման մասով։ Էմիրաթական կողմից հայկական կողմի համար նախատեսվել են արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև նախատեսվել են որոշ պարզեցումներ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտի ոլորտներում ծառայությունների մատուցման մասով»,- հավելել են նախարարությունում։
Հունիսի 28-ին ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների և Մոնղոլիայի հետ։
2023 թվականի դեկտեմբերից սկսած Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Արաբական Միացյալ Էմիրություններ և գտնվել այնտեղ առանց վիզային սահմանափակումների՝ մինչև 90 օր։ Նմանատիպ առանց վիզայի մուտքի կանոններ սահմանվել են նաև ԱՄԷ-ի քաղաքացիների համար Հայաստան այցելելու դեպքում։






































