«Սև ուրբաթ»-ի ժամանակ հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Այս մասին տնտեսվարող սուբյեկտներին զգուշացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։
Մասնավորապես ձեռնպահ մնալ՝
— ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
— մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց և այլն,
— ապրանքների գնի նկատմամբ կիրառվող զեղչերի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելիս այնպիսի տվյալներ նշելուց, որոնք չեն համապատասխանում իրականությանը և կարող են մոլորեցնել հասարակությանը:
Օրինակ՝ տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ առևտրի օբյեկտում գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար:
Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







