Հայաստանից ներմուծված ծիրանը վաճառքի է հանվել Ֆրանսիայում, հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հրապարակել է հայկական մթերային հինգ խանութի ցանկ, որտեղ կարելի է ձեռք բերել միրգը։ Դրանցից մեկը գտնվում է անմիջապես Փարիզում, իսկ մյուսները՝ Իլ դը Ֆրանս շրջանի քաղաքներում՝ Մեդոնում, Պուասիում, Լը Պլեսի-Ռոբենսոնում և Իսի լե Մուլինոյում։
Հայկական ծիրանը հասանելի է հետևյալ հասցեներով․
N Market - 123 Boulevard Brune, 75014 Paris,
NUR - 45 Avenue du Général de Gaulle, 92360 Meudon,
Chez Aro - 28 Rue du Général de Gaulle, 78300 Poissy,
Erebouni - 5 Avenue Aristide Briand, 92350 Le Plessis-Robinson,
Erebouni - 54 Rue d’Erevan, 92130 Issy-les-Moulineaux։
«Հայկական ամառվա համը հասել է Ֆրանսիա»,- նշել է դեսպանությունը։
Մայիսի վերջից և հունիսի սկզբից գերատեսչությունն արգելել էր Հայաստանից ծաղիկների, մրգերի, բանջարեղենի և չրերի ներմուծումն ու տարանցումը ՌԴ, ինչպես նաև պահանջել էր կասեցնել ձկնամթերքի և ձկան անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումը և հայտնել անորակ ալկոհոլային արտադրանքի հայտնաբերման մասին։ Սահմանափակումները կգործեն մինչև հայկական կողմը մշակի անվտանգության ապահովման համապատասխան ընթացակարգ։
Հունիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանից գյուղմթերքը ԵՄ առանց մաքսատուրքի արտահանելու քաղաքական պայմանավորվածության մասին։
Հունիսի 28-ին հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել էր, որ նոր շուկաները հայ արտադրողներին հնարավորություն կտան դիվերսիֆիկացնել արտահանումը։
Միաժամանակ, Երևանից ընդգծել էին, որ նպատակ չունեն ռուսական շուկայից արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել է ռուսական շուկա։
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 25-ին`ըստ հայաստանյան բանկերի
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 25-ին, միջինում գնվում է 362,52 դրամով, վաճառվում՝ 367,79 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից։Ռուսական ռուբլին միջինում...





































