Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրները մինչև դեկտեմբեր կուսումնասիրեն միավորմանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավորությունը։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ միության պետությունները մտադիր են այս հարցը մշակել իրավական տեսանկյունից։
Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ գործող պայմանագիրը չի պարունակում մեխանիզմներ ո՛չ միությանը երկրի մասնակցության ժամանակավոր կասեցման, և ո՛չ էլ նրան միավորումից հեռացնելու համար։
«Մենք հիմա կուսումնասիրենք, թե ինչ կնշանակի կասեցումը։ Ճշմարտությունն այն է, որ Միության մասին պայմանագրով նախատեսված չէ անդամակցության կասեցման ռեժիմ, նախատեսված չէ անդամներին հեռացնելու ռեժիմ։ Դրա համար այս ամենը պետք է շատ ուշադիր, իրավական տեսանկյունից, ուսումնասիրել մինչև դեկտեմբեր», — ասել է Օվերչուկը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ՝ Երևանի կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված հայկական իշխանությունների կուրսի ֆոնին։
Վերջին ամիսներին Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և ԵՄ-ին ինտեգրման համատեղումը կարող է անհնարին լինել՝ երկու միավորումների տնտեսական և մաքսային կանոնների տարբերությունների պատճառով։
Մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների առաջնորդները Հայաստանին կոչ են արել եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնել։ Ռուս պաշտոնյաները նաև նախազգուշացրել են Հայաստանին՝ Եվրոպական միություն մտնելու դեպքում մի շարք տնտեսական առավելությունների հնարավոր կորստի մասին: Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
2025 թվականի հունվարին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծին:





































