«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները շրջելու են Հայաստանի մարզերում՝ ներկայացնելու շարժման տնտեսական ծրագիրը, հայտնում են «Մեր ձևով» շարժումից։
Արշավի մեկնարկը տրվել է այսօր՝ Երևանից։ Կարապետյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչներն ավտոբուսով շրջելու են Հայաստանով և հանրությանն են ներկայացնելու «Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի Ուժեղ Հայաստան» տնտեսական ծրագրի մանրամասները։
Ինչպես հիշեցրել է «Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը, տնտեսական ծրագրի կետերից առաջինը 300 հազար նոր աշխատատեղի ստեղծումն է:
«Մեր ձևով»-ն առաջարկել էր Մեղրիի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա, Գեղարքունիքի մարզի զարգացման ծրագիր՝ կենտրոնանալով Սևանա լճում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին և առաջարկել Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում։ Շարժումը նաև մեկնարկել է էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման համազգային ստորագրահավաք, առաջարկել Սյունիքի մարզի 5 շրջանի զարգացման տեսլական։





































