Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025 համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը, այցելել հայկական տաղավար, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:
Իր ելույթում Փաշինյանը նշել է, որ Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, «Ակադեմիական քաղաքը» և «Ինժեներական քաղաքը»:
«Տաղավարում առանձնակի ուշադրություն է հատկացված նաև Հայաստանի ապագային միտված խաղաղության տեսլականին` «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը, որը մենք տեսնում ենք ինչպես մի իրավիճակ, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու հանձնառությամբ»,- ասել է վարչապետը։
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ճապոնիայում բացվել էր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գունմա մասնաճյուղը, որտեղ դասավանդում են ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն և շարժական գրաֆիկա։
«Բացառիկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար»,- հավելել է Փաշինյանը:
EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը:
Սեպտեմբերի 4-ին Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ քննարկել էր Հայաստան-Ճապոնիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերը։





































