Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով, հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նախարարությունից հիշեցրել են, որ 2027 թվականին Հայաստանը դառնալու է Կաննի 80-րդ միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրի Next Step Studio նախաձեռնության պատվո երկիրը։
Ծրագրի շրջանակում չորս հայ և չորս արտասահմանցի ռեժիսոր Հայաստանում համատեղ կստեղծեն չորս կարճամետրաժ ֆիլմ, որոնք 2027 թվականին կներկայացվեն Կաննի կինոփառատոնում։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ փառատոնի շրջանակում հայտարարվել է, որ մրցույթի արդյունքում Հայաստանից ընտրված 4 ռեժիսոր՝ Արմիկ Իսրայելյանը, Սոնա Խաչատրյանը, Րաֆֆի Մովսիսյանը և Նաիրա Սարգսյանը կմասնակցեն ծրագրին։ Նրանք հետագայում կձևավորեն ստեղծագործական զույգեր միջազգային չորս ռեժիսորի հետ։
Ֆիլմերը կնկարահանվեն հայերենով՝ Հայաստանի դերասանների մասնակցությամբ։ Նախաձեռնությունը հայ կինոգործիչներին հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնելու իրենց ֆիլմերը, այլև միջազգային գործընկերներին՝ իրենց ապագա լիամետրաժ նախագծերը, զարգացնելու համատեղ արտադրություններ և նպաստելու հայկական կինոյի առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։
Կարդացեք նաև՝
Հայաստանը՝ Կաննի հատուկ ծրագրի պատվավոր երկիր






































