Երեկ՝ 21.03.21-ին, պաշտոնական գրությամբ հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան ԿԵՆՏՐՈՆ»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից. 2018-ից առ այսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվի: Այս մասին գրառում է արել հանճարեղ գրողի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը:
«Ես այստեղ ու այսուհետև դիմում եմ և դիմելու եմ բացառապես ՄԱՐԴԿԱՆՑ ու ՀԱՆՐՈւԹՅԱՆԸ, բացառապես ոչ կառավարական կազմակերպություններին, գործարարներին՝ բոլորին, որ ՄՇԱԿՈւՅԹԻ ու ԲԱՆԻ ու ՀՐԱՆՏԻ արժեքն ու դերը հասկանում են. մեր ԿԵՆՏՐՈՆԸ կառուցելու ենք-ավարտենք ու գործարկենք այդպես՝ այդ ֆինանսավորմամբ: ԱՌԱՋ. ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՆՔ մեր Կենտրոնը»,- գրել է Մաթևոսյանը:
Նշենք, որ կենտրոնի կառուցումը դադարեցվել է հեղափոխությունից հետո: Մաթևոսյանի որդին դիմել է կառավարություն, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, իսկ երեկ հրաժարվել է բանակցել դրա շուրջ:
Հիշեցնենք նաև, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում, տեղի է ունեցել մշակութային կենտրոնի հայեցակարգի նախագծի շնորհանդեսը: Նախագծի համահեղինակները ներկայացրել են նաև թանգարանի և «Ահնիձոր» գրականության այգու հայեցակարգը, որը, հեղինակների կարծիքով, պետք է լրացնի թանգարանին հարող տարածքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







