Բարերար, Արցախի նախկին պետնախարար և Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, 20 արժեքավոր կտավից բաղկացած գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրիին։ Այս մասին հայտնել է Վարդանյանի լրատվական ծառայությունը։
«Պատերազմ և խաղաղություն» խորագիրը կրող աշխատանքները հանձնվել են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանին և առաջիկայում կներկայացվեն հանրությանը։
Նվիրաբերված կտավները «100 կտավ» հավաքածուի մաս են կազմում, որն ընդգրկում է սոցիալիստական ռեալիզմի հայ և ռուս անվանի վարպետների՝ Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլոց աշխատանքներ։ Կտավներն ընտրվել են Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից։
Գյումրիին փոխանցված աշխատանքները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանը և հետպատերազմյան շրջանին։ Դրանք նախկինում ցուցադրվել են արտերկրում կազմակերպված մի շարք հեղինակավոր ցուցահանդեսներում։
Զոնաբենդը նշել է, որ Վարդանյանի համար Գյումրին միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել։ Այստեղ նա իրականացրել է քաղաքային միջավայրի զարգացման մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Բարեկամության այգու վերականգնումը։ Նրա խոսքով՝ ուրախալի է, որ արվեստի այս գործերն այժմ կդառնան Գյումրու մշակութային ժառանգության մաս։
Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը երախտագիտություն է հայտնել արժեքավոր նվիրատվության համար։
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանն էլ նշել է, որ հավաքածուն իր արժանի տեղը կգտնի թանգարանում։ Նրա խոսքով՝ առաջիկայում քաղաքի բնակիչների և հյուրերի համար կկազմակերպվի հատուկ ցուցահանդես։
Զոնաբենդը Բաքվում պահվող հայերին այցելելու հումանիտար նախաձեռնությանն աջակցելու համար դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին։ Նա խնդրել էր աջակցություն ցուցաբերել այցի կազմակերպման և պատվիրակության անդամների անվտանգության ապահովման հարցում։
Զոնաբենդը սեպտեմբերի 8-ին դիմել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ առաջարկելով իրեն և Բաքվում պահվող մյուս հայերի հարազատներին ընդգրկել Ադրբեջան հնարավոր այցի պատվիրակության կազմում։ Նա նաև խնդրել էր հնարավորություն ստեղծել Բաքվում պահվող հարազատների հետ հանդիպելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







