Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:49
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 3 րոպե առաջ

Լոս Անջելեսում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան

Լոս Անջելեսում կկայանա Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան

Հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում՝ Warner Bros. ստուդիայի կինոթատրոնում, տեղի կունենա ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի մասնավոր պրեմիերան։ Հայաստանյան պրեմիերան նախատեսված է 2027 թվականին։

Ֆիլմը պատմում է Ֆրանսիայում մեծացած հայ երիտասարդ Մուրադ Առաքելյանի մասին, որն ինքնության և արմատների որոնման նպատակով մեկնում է Արցախ։ Նրա ուղևորությունը համընկնում է 2020 թվականի պատերազմի մեկնարկի հետ։

Ավետիսյանի խոսքով՝ հանդիսատեսը կտեսնի հասուն, բազմաշերտ և բարդ կառուցվածքով ֆիլմ։ Ռեժիսորի խոսքով՝ թիմը նախագծի վրա աշխատել է ութ տարի։ Աշխատանքները մեկնարկել են 2018 թվականին՝ առանցքում ունենալով Քառօրյա պատերազմը։

2020 թվականի պատերազմից հետո նախագիծը վերանայվել է և ստացել «Վերածնվածը» անվանումը։ «Վերածնվածը» ֆիլմում ռեժիսորը խոսում է տուն վերադարձի մասին։

«Ոչ ոք չի կարող կանգնեցնել ինձ և մյուսներին, եթե ցանկանում ենք ամեն գնով վերադառնալ տուն»,- ասում է նա։

Ֆիլմն անդրադառնում է նաև ինքնության որոնմանը։ Գլխավոր հերոսը մեկնում է Արցախ՝ Գանձասար՝ գտնելու իր արմատները և հասկանալու՝ ո՞վ է ինքը։ «Ո՞վ եմ ես» հարցը, ռեժիսորի խոսքով, ֆիլմի առանցքային թեմաներից է և վերաբերում է ոչ միայն գլխավոր հերոսին, այլև առանցքային մյուս կերպարներին։

«Մեր ողբերգությունների առանցքում նաև այն խնդիրն է, որ այդ հարցի պատասխանը չունենք։ Ինքնության խնդիրը ֆիլմում կարմիր գծի պես առկա է ոչ միայն գլխավոր հերոս Առաքելյանի կյանքում, այլև գրեթե բոլոր առանցքային կերպարներն այդ հարցը տալիս են՝ ո՞վ եմ ես։ Փնտրում են իրենց արմատները, ինքնությունը»,- նշել է Ավետիսյանը։

Ֆիլմի առանձնահատկություններից մեկն արհեստական բանականության բաղադրիչն է։ Առաքելյանը ներկայանում է որպես ԱԲ ինժեներ և գյուտարար։ Մարսելից Արցախ մեկնած հերոսին ԱԲ-ն հորդորում է արագ հեռանալ, քանի որ պատերազմ է սպասվում, սակայն Մուրադը, ընկերուհու՝ Իզաբելի հետ, շարունակում է փնտրել այն մարդկանց, «ովքեր կարող են օգնել նրան բացահայտել իր ինքնությունը»։

Ֆիլմի ընթացքում ԱԲ-ն, հիմնվելով Մուրադի կենսափորձի վրա, զարգանում է և պատերազմի մեկնարկից հետո սկսում հասկանալ, թե ինչ են պատերազմն ու մահը՝ երևույթներ, որոնք չէր կարող հասկանալ Մարսելում։

Սա Արցախի մասին պատմող Ավետիսյանի առաջին ֆիլմն է, որը չի նկարահանվել Արցախում։ 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, նկարահանումները տեղի էին ունեցել Հայաստանում, 2024 թվականին նկարահանվել էր եվրոպական հատվածը, իսկ հաջորդ երկու տարին նվիրվել էր հետարտադրական աշխատանքներին։

Նրա խոսքով՝ 2023 թվականին «Վերածնվածը» նկարահանելն իսկապես ծանր էր։

«Մենք փնտրում էինք Գանձասարը, Ստեփանակերտը, Արցախի այն վայրերը, ուր այլևս չէինք կարող գնալ… Շրջափակում էր։ Գուցե հենց սա է կորցրած հայրենիքի ամենացավոտ իրականությունը, երբ այլևս չես կարող հասնել իրական վայրին, սկսում ես փնտրել դրա հետքը։ Մենք էլ փնտրում էինք։ Եվ գտանք Մակարավանքը։ Նկարեցինք այնտեղ, և զարմանալիորեն թե՛ վանքը, թե՛ դեպի այն տանող անտառապատ ճանապարհը մեզ հիշեցրին Գանձասարը»,- հիշում է ռեժիսորը։

Ավետիսյանի խոսքով՝ Արցախն այլ վայրում 100%-ով վերարտադրել հնարավոր չէ, սակայն ֆիլմում հանդիսատեսը «հաստատ կտեսնի Արցախը»։

Ֆիլմում նկարահանվել են հայ հայտնի դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Վարդան Մկրտչյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիամ Ադամյանը, Մարինե Գաբրիելյանը, Արթուր Կարապետյանը, ինչպես նաև արտասահմանցի դերասաններ Հայնո Ֆերչը, Մայա Մորգենշտերնը և Արմանդ Ասանտեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+