Վերջին երեք-չորս տարիների ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են ընդամենը միջինը 40 հազար դրամով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջետային քննարկմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ թեպետ հասարակության մեջ կա տպավորություն, որ ոստիկանները գերուռճացված աշխատավարձեր են ստանում, այդուամենայնիվ, այդ կարծիքը հեռու է իրականությունից։
«Հաշվի առնենք նաև այն աշխատանքը, որն ավելի քան մեկ տարվա ընթացքում իրականացնում են ոստիկանության բոլոր ստորաբաժանումները։ Մեզ համար ցանկալի կլիներ այլ սոցիալական երաշխիքներ ևս ունենալ, այս առումով քննարկումների փուլում ենք գտնվում»,-ընդգծեց Ֆիդանյանը։
Արա Ֆիդանյանը նշել է, որ ՀՀ ոստիկանության կողմից դատարաններ ներկայացված հայցերի քանակը նվազել է։ Փոխոստիկանապետը նշեց նաև, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների առումով նվազում ունենք, սակայն պաշտոնական լիազորությունների չարաշահումների դեպքերը աճել են 25 տոկոսով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







