Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:14

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում տնտեսական գործունեության վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների վերաբերյալ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների մասին։

Հայտարարության մեջ ասվում է․

«Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։

Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զերկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։

Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։

Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+