Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հետ կապված օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշենք, որ այսօր հայտնի է դարձել, որ թուրքական սուզանավը Աթենքից 70 կմ հեռավորության վրա մոտեցել է հունական Սունիոն հրվանդանին՝ ներխուժելով հունական տարածքային ջրեր։ Հունաստանի ՌՕՈՒ-ում տագնապ է հայտարարվել, և այսօր առավոտից ուղղաթիռների անձնակազմերը խիստ հսկողություն են սահմանել Էգեյան ծովի յուրաքանչյուր շրջանի վրա:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին և Կիպրոսին և հույս հայտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ:
Արտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







