Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) նեյրոօնկոլոգիական, օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, թորակալ վիրաբուժության բաժանմունքի, ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը: Այս մասին ասվում է ՀՀ ԱՆ հրապարակման մեջ։
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ կառավարությանն առաջարկելու եմ այն վերադարձնել առողջապահության նախարարությանը և զարգացնել: Եվ մենք, փաստացի, մոտ մեկ տարի առաջ ընդունելով այն, մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի բոլոր ծառայությունները, որոնք այստեղ գործում են, համապատասխանեն միջազգային չափանիշներին:
Այսօրվա մեր այցը ցույց տվեց, որ 4 բաժանմունք ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել և հագեցվել է, ինչպես նաև հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, նոր սարքավորումներ են գնվել: Նաև մի աննախադեպ ծառայություն է հիմնվել` բացօթյա քիմիաթերապևտիկ սրահը, որը մեծ դրական հոգեբանական ազդեցություն կարող է թողնել ծանր պացիենտների վրա»,- ասվում է հրապարակման մեջ։
Արսեն Թորոսյանը նշել է, որ ուռուցքաբանության ազգային կենտրոնը մեր մյուս բժշկական կենտրոնների մեջ կարելի է համարել առանցքայիններից, որովհետև շատ կարևոր ուղղություն է առաջնորդում:
«Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների: Այսպիսով` հաջողություններ կունենանք բազմաթիվ կյանքեր փրկելու տեսքով»,- ասել է Արսեն Թորոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







