Շաբաթ օրը մեկնում եմ Լիբանան՝ Բեյրութ, և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակին: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան գալ ցանկացող հայերի մասին հարցին:
«Այս պահին թվում է՝ Հայաստան գալ ցանկացողների թիվը, իրոք, շատ մեծ է, բայց չկա այդ անձանց որևէ առարկայական, թվային հաշվարկ, ինչից մեր գործը մի քիչ դժվարանում է»,-նշեց Սինանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստան ֆիզիկապես գալու խնդիր կա այն մարդկանց համար, որոնք քաղաքացիություն չունեն կամ կացության կարգավիճակ չունեն: Սինանյանի խոսքով՝ պետք է միջոց գտնեն, որ նրանք էլ կարողանան հայրենիք գալ․ դա ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է:
Նա նշեց, որ այս պահին Հայաստան գալու համար ուղղակիորեն դիմողներ կան, սակայն ավելի շատ անուղղակի դիմողներն են, որոնց վերջնական պատկերը հայտնի կլինի իր՝ Բեյրութ կատարվելիք այցից հետո:
Կացության խնդրին անդրադառնալով՝ Սինանյանը նշեց, որ հիմա աշխատում են այդ ուղղությամբ, երևի ամենաբարդ հարցն է, և բնական է՝«Տրամադրված ենք այդ հարցին լուծում տալ: Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա, հետևաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ստացվող տեղեկությունները տարբեր են, որոշ աղբյուրներում նշվում է երկրորդ պայթյունի մասին ևս: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Իսրայելի պաշտոնյաները հայտարարում են, որ պաշտոնական Երուսաղեմը ոչ մի կապ չունի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետ:
Նշվում է, որ զոհվել է ավելի քան 135, վիրավորվել՝ 5000 մարդ։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զոհվել է 11հայ։
Ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթևան, իսկ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդը հայտարարել է, որ պայթյունից կորուստները գնահատվում են 10-ից մինչև 15 միլիարդ դոլարի չափով:
Լիբանանի նախարարների կաբինետը մայրաքաղաքում երկշաբաթյա արտակարգ դրություն է հայտարարել և քաղաքում անվտանգության վերահսկողությունը հանձնել զինվորականներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







