Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին, որի հետ քննարկել է կորոնավիրուսային համաճարակի և տարածաշրջանային անվտանությանը վերաբերող մի շարք հարցեր։
Ինչպես հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հնդկաստանից ձեռք բերված հակավիրուսային «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցը օգտակար կլինի համավարակի դեմ պայքարում: «Բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դեղագործական արտադրանքի ամենամեծ արտադրողներից է,-ասել է հանրապետության նախագահը։ -Հայաստանն առաջիններից մեկն է, որ ձեռք է բերել դեղամիջոցը, հույս ունեմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն բոլորի համար: Մենք միասին կկարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»։
Հանդիպմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անձնական կապերով իրենց աջակցելու և այդ կապերն ի շահ Հայաստանի օգտագործելու համար, ինչպես նաև, ի դեմս դեսպանի, երախտագիտություն հայտնել Հնդկաստանի Հանրապետությանը: Նա վստահություն է հայտնել, որ դեղամիջոցն օգտակար կլինի՝ հաղթահարելու կորնավիրուսի համավարակը:
Հանդիպման ընթացքում հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանի հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և լարվածությանը: «Այս ընթացքում, երբ մենք ու ողջ աշխարհը պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ գրեթե ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել իրավիճակից՝ այս՝ բացասական իմաստով «հնարավորության պատուհանը» օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ, որպես հանրապետության նախագահ, հպարտ է, որ մեր զինված ուժերը վերստին իրենց հայրենիքը պաշտպանելու լիակատար ուժ և կարողություն դրսևորեցին:
Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ որոշակի մտահոգություններ ունի, և դրանցից մեկը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի բավական ագրեսիվ հռետորաբանությանը: «Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ, և սա արվում է առանց որևէ պատճառի,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Դա այն երկիրն է, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ»:
Հանրապետության նախագահի մյուս մտահոգությունը վերաբերել է նրան, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: «Սա բացարձակ անհեթեթություն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահի հաջորդ մտահոգությունը վերաբերել է Ադրբեջանի կառավարությունից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: «Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող են լինել, եթե հանկարծ նմանատիպ գործողություն կատարվի,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Այդ դեպքում մենք ունենալու ենք կովկասյան Չեռնոբիլ, որից ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորը, ողջ տարածաշրջանը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







