Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն։ Այս մասին հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ խնդիրներին վերաբերող հարցեր։
Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը։
«Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում», — նշել է Տիգրան Խաչատրյանը։
ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն իր խոսքում նշել է, որ երկու պետությունների համար գյուղատնտեսութունը ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղ է և ներկայում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է դեպի ոլորտ նոր ներդրումների ներգրավումը։
Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում։
Փաստաթղթով նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքի վերամշակման և իրացման աշխատանքների համատեղ պլանավորման, բուսաբուծության և պտղաբուծության, սերմնարտադրության, բանջարեղենի արտադրության, խաղողագործության և գինեգործության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՀ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համատեղ վերապատրաստման և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցության ապահովման, ագրոբիզնեսի հետազոտությունների իրականացման ոլորտներում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ծրագրերի շրջանակում:
Այնուհետև Տիգրան Խաչատրյանն իր գործընկերոջ հետ շրջայց է կատարել «Ոսկե կաթիլ» ձեթի արտադրամասում, որտեղ արտադրվում է արևածաղկի, կտավատի, հլածուկի զտված և չզտված ձեթ։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են առկա արտադրական հզորությունները, ընկերության առաջիկա ծրագրերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







