Նիդեռլանդական օրագիրը հայտնում է, որ Հայ -ադրբեջանական սահմանագծի՝ Տավուշ-Թովուզ հատվածում ներթափանցման փորձ կատարելով ու խախտելով հայտարարված զինադադարը՝ ադրբեջանցիները բազմաթիվ կորուստներ տալով ետ շպրտվեցին: Ցավոք, չհաջողվեց խուսափել զոհերից: Հենց այս ու Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի պատճառով է , որ բողոքի ձայն են բարձրացրել բազմասփյուռ հայերը` այդ թվում Նիդեռլանդներում: Նրանք նախատեսել են երկու բողոքի ակցիա: Դրանցից առաջինը տեղի ունեցավ հուլիսի 18-ին` Դեն Հաագի Ադրբեջանի դեսպանության դիմաց: Երկրորդը՝ հուլիսի 19-ին մայրաքաղաք Ամստերդամի սրտում` Դամ հրապարակում, և ավելի շատ ունի տեղի բնակչությանը իրազեկելու խնդիր. բաժանվելու են թերթիկներ: Այս միջոցառման մասին հետո: Հիմա անդրադառնանք առաջին հանրահավաքին, որն հայտնի է փոքր միջադեպով:
Նախատեսվածից ավելի երիտասարդներ էին հավաքվել Ադրբեջանի դեսպանության դիմաց` իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի սադրիչ գործողությունների դեմ: Հայկական կողմը հոլանդական ոստիկանությանը նախօրոք ծանուցել էր հանրահավաքի ծրագրին, տեղեկացրել տեղի ունեցող գործողությունների մասին ու իր ներկայացուցիչներից մեկին էլ ծագող հարցերի կարգավորման համար ուղարկել նրանց մոտ:
Այս անգամ ևս ադրբեջանական կողմը դավադրություն էր կազմակերպել` փորձելով լարվածությունը տեղափոխել հայ-նիդեռլանդական դաշտ և բախում հայերի ու ադրբեջանցիների միջև: Ամեն բան ծրագրված էր ի սկզբանե` վիժեցնելու հայերի բողոքի ձայնը: Դեսպանատան շենքը «պաշտպանող» ճաղավանդակների շուրջբոլորը փակցվել էին հայկական «ագրեսիան» դատապարտող, «Ղարաբաղը Ադրբեջանին է» և նմանաբովանդակ հրահրող պաստառներ: Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվել էր երկար ձողերով դրոշներ: Դավադրության մյուս բաղադրամասը` աջակցող ադրբեջանցիներին դեսպանության ճաղավանդակների ներսում` այլ խոսքով՝ դեսպանության տարածքում պահելն էր, որի նպատակը հետո բացահայտվեց: Ինչո՞ւ էր անհրաժեշտ աջակից ազերիներին վանդակի մեջ պահել, երբ տեղի ոստիկանական ուժերը կարող էին կողմերի անվտանգության ապահովման համար բավարար պայմաններ ապահովել:
Ադրբեջանական նենգ ծուղակը բացահայտվեց, երբ ադրբեջանական դեսպանատան տարածքից նետված քարերից մեկը վիրավորեց ցույցի ակցիային մասնակից հայ աղջկան: Այդ մասին առկա է բժշկական արձանագրություն:
Մեկնաբանելով հուլիսի 18-ին և 19-ին Նիդեռլանդներում տեղի ունեցած բողոքի ակցիան` Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Ադրբեջանի դեսպանության տարածքում հակացույց կազմակերպելը որակեց որպես պարզունակ սադրանք և հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը Նիդեռլանդներ տեղախափոխելու և ազգամիջյան ընդհարում խթանելու վտանգավոր փորձ։
Դեսպանությունը Ադրբեջանի դեսպանության սադրիչ քայլերի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել է Նիդեռլանդների իշխանություններին։
Նա նկատեց, որ միջազգային բազմաթիվ կառույցների կողմից արձանագրված Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության մաս կազմող հայերի դեմ ատելության խոսքը իր ամենավատ կողմերով արտացոլված է նաև Ադրբեջանի դեսպանության սոցցանցերի էջերում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







