ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին։
Հարցին, թե ի՞նչ ջանքեր են գործադրվում հայ-ադրբեջանական սահմանին գտնվող քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար, Մնացականյանը նշել է, որ հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից մեծ տրամաչափի հրետանու կիրառմամբ փորձ արվեց ներթափանցելու հայկական տարածք՝ Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ դրանով իսկ ավելացնելով լարվածության վտանգը, որ մենք այժմ ունենք:
Մնացականյանը նշել է, որ ներկայումս առաջնահերթություն են լարվածության նվազեցման փորձերը: «Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք, սա այն է, ինչի շուրջ մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Սա է ներկայիս առաջնահերթությունը: Մենք ունենք լարվածության նվազեցման կարիք. Հայաստանն ունի պաշտպանվելու կարողություն, Հայաստանը հանդիասնում է Արցախի անվտանգության երաշխավորը, պատերազմը տարբերակ չէ: Խաղաղ կարգավորման գործընթացն այլընտրանք չունի: Մենք շարունակում ենք հանձնառու լինել վերջինիս և կաշխատենք իրադրության լիցքաթափման և այնպիսի միջավայրի ձևավորման ուղղությամբ, որն օգնում է խաղաղությանը և նպաստում է բանակցային գործընթացին»,-նշել է նա։
Լրատվամիջոցի հարցին, թե ի՞նչ մանրամասներ կարող է հաղորդել այն ջանքերի վերաբերյալ, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը: Ի՞նչ գործընթաց է իրականացվում, և որքա՞ն արագ դա տեղի կունենա, հաշվի առնելով այն, որ մարտերի շարունակականությունից մարդիկ են զոհվում, Մնացականյանը նշել է, որ բավական հուսադրող է այն, որ վերջին, կարելի է ասել 12-14 ժամերի ընթացքում, ունենք հարաբերական անդորր:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, Ռուսաստանի և մյուս գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ: Մենք փորձում ենք գտնել այն ձևերը, որը հնարավորություն կընձեռի պահպանելու այս հարաբերական անդորրը և վերահաստատելու հրադադարի ռեժիմը, որը, ինչպես նշեցիք, հաստատվել է 1994 թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր լիարժեք ուժի մեջ է. փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից: Եվ այժմ հրադադարի ռեժիմի լիարժեք վերականգնումը մեր առաջնահերթությունն է»,-նշել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«Ալ Ջազիրա» հարցին, թե լուրեր կային, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը ղեկավարում է Ռուսաստանը, հադիպել այդ հարցի շուրջ և գործողություններ ձեռնարկել, բայց որի արձագանքը, կարծես թե, ինչ-որ տեղ աղոտ էր: Ո՞րն է Հայաստանի վերաբերմունքն այդ պատասխանին, Մնացականյանը պատասխանել է. «Ես չեմ համաձայնի այդ գնահատականի հետ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն է, և մեր գործընկերների հետ մենք ակնհայտորեն բարձրացնում ենք հարցեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ տարածքին, որի մաս է կազմում Հայաստանը: Մենք տեղեկացնում ենք մեր գործընկերներին զարգացումների վերաբերյալ և բարձրացնում ենք հարցեր, որոնք, ինչպես այս դեպքում, անհրաժեշտ ենք համարում հավաքական գործողության ներկայացման համար:
Հարցին, որ 2019 թ.-ին եղել են բանակցություններ՝ այս հարցին որոշակի լուծում տալու նպատակով, և հայտնի է, Հայաստանի վարչապետն այդ ժամանակ ասել է «Արցախը Հայաստան է», և ցանկանում էր փոխել բանակցությունների ձևաչափը, ինչը, ենթադրաբար, էականորեն խարխլել է բանակցային գործընթացը: Պատասխանատվության ի՞նչ մասնաբաժին է կրում Հայաստանն այս բանակցությունների շարունակականության ապահովման ձախողման համար, Մնացականյանը նշել է. «Ես կրկին չեմ համաձայնի նման գնահատականի հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ հստակ խոսել է այն մասին, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստանը պատասխանատվություն է կրում Արցախի մեր հայրենակցիների անվտանգության, ֆիզիկական գոյաբանական անվտանգության համար:
Այնուամենայնիվ, ընդգծեմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հետևողական է եղել իր հայտարարություններում առ այն, որ խաղաղությունը հնարավոր կլինի, երբ մենք հասնենք այնպիսի փոխզիջումային լուծման, որն ընդունելի կլինի բոլոր ժողովուրդների` Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ մենք Ադրբեջանի ղեկավարությունից դեռ ակնկալում ենք փոխադարձելիություն այնպիսի մոտեցման, որը հիմնված կլինի փոխզիջման վրա, քանի որ ներկայումս մենք ականատեսն ենք լինում առավելապաշտական մոտեցման, որը հաշվի չի առնում Հայաստանի և Արցախի հիմնարար առաջնահերթությունները:
Այսպիսով, մեր դիրքորոշումը լուծում գտնելն է, որն ընդունելի կլինի բոլորի համար, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-նշել է արտգործնախարարը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







