ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում Կոտայքի փոխմարզպետ, մարզպետի պարտականությունները կատարող Վասակ Վարդանյանին նշանակել մարզպետ, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վարդանյանը «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանի փեսան է։ Ըստ թերթի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր մնալուց հետո իշխանական շրջանակներում քննարկվել են մի քանի թեկնածուների անուններ, սակայն նրանցից որևէ մեկը չի նշանակվել։
Պարբերականի տեղեկություններով՝ մարզում տիրող իրավիճակի և աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ քննարկումների շրջանակում Փաշինյանը ՔՊ վարչություն է հրավիրում Կոտայքի նախկին մարզպետ Ահարոն Սահակյանին, այլ ոչ թե մարզպետի պարտականությունները կատարող Վարդանյանին։ Թերթը գրում է, որ այս իրավիճակի ֆոնին Միքայելյանի ընտանիքում քննարկվել է անգամ Վարդանյանի հրաժարականի հարցը։
«Հրապարակ»-ի աղբյուրների համաձայն՝ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզի «կուրատոր» է նշանակվել Սահակյանը։ Հրազդանում ՔՊ ցուցակը, նախնական որոշմամբ, կրկին կգլխավորի Սասուն Միքայելյանի որդին՝ գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը։
Թերթը ստեղծված իրավիճակը կապում է նաև Միքայելյանի և Փաշինյանի միջև նախկինում առաջացած տարաձայնությունների հետ։ Պարբերականի տվյալներով՝ ՔՊ փակ նիստերից մեկում Միքայելյանը դեմ է արտահայտվել Տիգրանաշենն Ադրբեջանին փոխանցելուն և առաջարկել քննարկել այն Արծվաշենի հետ փոխանակելու տարբերակը։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանը կտրուկ է արձագանքել այդ առաջարկին։
Խորհրդարանական ընտրություններից հետո Տիգրանաշենի հարցը կրկին հայտնվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուրջ քննարկումների կենտրոնում։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավներ չկան, սակայն ընտրություններից հետո սահմանազատման գործընթացի համատեքստում սկսել էր Տիգրանաշենը հիշատակել նաև ադրբեջանական անվամբ՝ Քյարքի։
Փաշինյանը հայտարարել է, որ եթե սահմանազատման հիմքում դրված քարտեզներով պարզվի, որ Տիգրանաշենը Հայաստանի տարածքի մաս չէ, Երևանն այդ հարցում խնդիր չի տեսնում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ գյուղն Ադրբեջանին փոխանցելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







